Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իշխանությունը նույնպես, իր գործողություններին գնահատական տալու անխուսափելի անհրաժեշտության առաջ է կանգնած»․ Լևոն Բարսեղյան

«Իշխանությունը նույնպես, իր գործողություններին գնահատական տալու անխուսափելի անհրաժեշտության առաջ է կանգնած»․ Լևոն Բարսեղյան
Քաղաքականություն
15:46, 06 июль 2021
Սա ոչ միայն դիրքորոշում է, այլև դիմում է իշխանություններին` ակնկալելով նրանց արձագանքը։ Մեր ուղերձի գրավոր տեքստը նաև պաշտոնապես ուղարկվելու է իշխանություններին, ակնկալելով պաշտոնական պատասխան։ Այսօր՝  Մեդիա կենտրոնում տեղի ունենցած «Քաղաքացիական հասարակությունը՝ Հայաստանի առաջնահերթ մարտահրավերների մասին. ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրեց քաղաքացիական հասարակության, մոտավորապես, 30 կազմակերպությունների կողմից իշխանություններին ուղղված ուղերձը։

«Անկախ նրանից, թե ՍԴ-ն ինչ կորոշի, չի որոշի՝ Հայաստանում ով է իշխանություն և ով կլինի իշխանություն, այս ուղերձը իր մեջ ներառում է խնդիրներ, որոնք ըստ մեր 30 կազմակերպությունների կարծիքի Հայաստանի հիմնական մարտահրավերների խմբից են և այս ուղերձների բովանդակությունը կախված չէ իշխանության ով լինելուց։ Ուղղակի մենք այս ուղերձում ասում ենք, որ քվեարկության, ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ստացել է ձայների մեծամասնությունը և մենք դիմում ենք խորհրդարանում վճռական ձայն ունեցողին։ Մենք հույս չենք հայտնում, մենք չենք գրում, որ հավատում ենք ․․․այդ լիրիկայից հեռու ուղերձ է սա», - նշեց Բարսեղյանը։ 

Ուղերձը հրապարակվել է մի քանի օր առաջ։ Բարսեղյանի խոսքով՝ դրանում մոտ 10 թիրախներ են նշված, որոնք համարել են  շատ կարևոր և հրատապ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում լուծելի։

«Այս ուղերձը մշակվել է 10 օրից ավելի, անընդհատ քննարկել ենք, տարբեր գաղափարներ են եղել, խմբագրվել է, վերամշակվել, ի վերջո հրապարակվել է։ Արձագանքը հետաքրքիր է մեզ, քանի որ այստեղ նշված խնդիրների այն մասը, որը պատերազմի հետևանքների հետ ուղիղ կապ չունի,  խոսվել է, քննարկվել, առաջարկվել ու պահանջվել է դեռ անցած 3 տարիների ընթացքում։ Դրանց ընդամենը ավելացվել են պատերազմի անմիջականա հետևանքների հետևանքների մեղմման կամ վերացման առաջարկները», - նշեց պարոն Բարսեղյանը։

Ըստ նրա՝ եթե անցած 3 տարիներին իշխանությունները դրսևորեին առավել վճռականություն և իմաստություն ու այդ խնդիրների մեծ մասը սկսեին ավելի արդյուանվետ լուծել, գուցե դրանք այս ուղերձում տեղ չգտնեին․ «Ապօրինի ակտիվների վերադարձ, անցումային արդարադատություն, քաղաքական գնահատականի պահանջ և այլն։ Ցավոք, մենք նկատելով, որ այդ ամբողջը մնաց, դոփեց տեղում և լրացուցիչ խնդիրների պատճառ դարձավ ՀՀ-ի համար, դրանք նույնպես այստեղ մատնանշեցինք»։ 

Պարոն Բարսեղյանի խոսքով՝ իշխանությունը ինքնագնահատականի կարիք ունի՝ մինչև 2020 թվականի գործունեության մասին․ «Մենք համարում ենք, որ իշխանությունն իր գործողություններին նույնպես գնահատական տալու անխուսափելի անհրաժեշտության առաջ է կանգնած»։