Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը պետք է շատ լուրջ քննարկի Փաշինյանի առաջարկը. եթե այս անգամ էլ չկարողանա իրականացնել իր գործառույթները՝ հարցականի տակ կդրվի այդ կառույցի ապագան. Սաֆրաստյան․ տեսանյութ

ՀԱՊԿ-ը պետք է շատ լուրջ քննարկի Փաշինյանի առաջարկը. եթե այս անգամ էլ չկարողանա իրականացնել իր գործառույթները՝ հարցականի տակ կդրվի այդ կառույցի ապագան. Սաֆրաստյան․ տեսանյութ
Հայաստան
11:09, 30 июль 2021
«Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշումներն ուժեղացնելով փորձում են հասնել նրան, որ Հայաստանը գնա զիջումների մի քանի կարևոր խնդիրներում՝ մասնավորապես Արցախի կարգավիճակի և մեր սահմանների հարցում, հարմարվի այն փաստի հետ, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքի ներսում»,- այսօր «Արմենպրես» գործակալության ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։  

Հարցին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից առաջարկվող տարբերակներից մեկն այս խնդրի լուծման այն է, որ ՀԱՊԿ-ը մոնիտորինգ իրականացնի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, որքանո՞վ է սա իրատեսական, Սաֆրաստյանն արձագանքեց. «Սա այն դեպքն է, որ ՀԱՊԿ-ը պետք է շատ լուրջ քննարկի այդ առաջարկը, և եթե այս անգամ էլ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել այն հիմնական գործառույթները, որոնց համար ինքը ստեղծվել է, շատ լուրջ հարցականի տակ կդրվի այդ կազմակերպության ապագան»։  

Թե ինչ ուղերձ է պարունակում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած այն բանաձևը, ըստ որի՝ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնությունը, թուրքագետի մեկնաբանմամբ՝ դա առաջին հերթին վկայում է այն մասին, որ մեր հայրենակիցներն ԱՄՆ-ում շատ լուրջ աշխատում են Կոնգրեսի հետ. «Երկրորդը՝ սա իր մեջ ուղերձ է պարունակում, որ ԱՄՆ գործադիր իշխանությանը Կոնգրեսի ստորին պալատը կոչ է անում մեկ անգամ ևս վերանայել ԱՄՆ դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ, որտեղ ոտնահարվում են բոլոր տեսակի ժողովրդավարական նորմերը։ Եվ կարևոր է նաև, որ սենատը միանա այս որոշմանը, և որոշումը կստանա օրենքի ուժ։ Կարևոր է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը սա ընդունի որպես շատ լուրջ մեսիջ և փոխի իր մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ»։