Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության արձագանքները․ այն նորանոր գործիքների կիրառման անհրաժեշտություն ունի․ Տաթևիկ Հայրապետյան․ Տեսանյութ

«Սահմանային միջադեպերը տեղի են ունենում, որովհետև մենք ունենք Ադրբեջանի նման հակառակորդ և հարևան։ Եվ հակառակ միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ավելի է սրում իրադրությունը՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,-այդ մասին այսօր ԱԺ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի կողմից հնչող հայատյաց ելույթներին տեղ ու դադար չկա և միևնույն ժամանակ, երեկ փաստացի նոյոեմբերի 9-ի լույս 10-ի հրադադարի հայտարարությունից հետո առաջին անգամ մենք կրկին ունեցանք զոհ։ Պատգամավորը ցավակցություն հայտնեց զոհվածի ընտանիքին։

«Ադրբեջանի այս գործելաոճը իսկապես անթույլատրելի է, պետք է նշեմ, որ միջազգային հանրության արձագանքները հստակ են՝ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Վերջերս էլ նաև ԵՄ մի շարք դեսպաններ Սյունիք կատարած իրենց այցի շրջանակներում հստակ գնահատականներ են հնչեցրել։ Երեկ Նիդերլանդների խորհրդարանն է բանաձև ընդունել՝ կոչ անելով ԵՄ-ին կրկին դիմել Ադրբեջանին և փորձել վերադարձնել կառուցողական դաշտ։ Նմանատիպ կոչերով են հանդես եկել Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան և Հնդկաստանը։ Իմ դիտարկմամբ միջազգային հանրության այս արձագանքները փաստացի արհամարհվում են այսօր Ադրբեջանի կողմից։ Եվ կարծում եմ՝ միջազգային հանրությունն այստեղ նորանոր գործքների ու մեխանիզմների անհրաժեշտություն ունի, որովհետև թե՛ գերիների թեմայով, թե՛ սահմաններին ստեղծված այս լարվածության թեմայով Ադրբեջանի պահվածքը և գործելաոճը  ամբողջությամբ հակասում են միջազգային հանրության, ինչպես նաև պարտավորվածությունների տամաբանությանը»,-ասաց պատգամավորը։