Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական պարտքն ավելանում է, որովհետև մեր բյուջեն ունի դեֆիցիտ. ամեն տարի ունենում ենք մոտավորապես 3 տոկոսին մոտ պլանավորված դեֆիցիտ. ֆինանսների նախարար

«Պետական պարտքն ավելանում է, որովհետև մեր բյուջեն ունի դեֆիցիտ։ Այսինքն՝ մեր ծախսերն ավելի շատ են, քան մեր եկամուտները։ Ամեն տարի ունենում ենք մոտավորապես 3 տոկոսին մոտ պլանավորված դեֆիցիտ։ Հիմա 2024 թվականի համար մենք ունենք 3 տրիլիոն 17 միլիարդի ծախս։ Բայց դրանից ունենք 340 միլիարդով ավելի քիչ եկամուտ։ Եվ 340 միլիարդ պարտք պետք է վերցնենք»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ տարբեր գործընկերներ ասում են, որ այդ  գումարն էլի ավելացրեք, և հիշեցրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում էր բարձր տեխնոլոգիական ոլորտին ավելի շատ գումար հատկացնել։ 

Նախարարի խոսքով՝ եթե որոշեն այդ ծախսն անել, սա կնշանակի, որ այդ դեֆիցիտն ավելի շատ պետք է լինի, և հիմա այդ դեֆիցիտն արվում է պարտքով։ 

«Մենք տարբեր աղբյուրներից պարտք ենք ներգրավում, որպեսզի այս ծախսերը կարողանանք ապահովել։ Եվ միշտ պարտքն աճում է։ Այլ հարց է, որ մեր եկամուտները պետք է ավելի արագ աճեն, քան մեր պարտքը, որպեսզի մենք երբեք խնդիր չունենանք։ Դուք որ 100 000 վարկ եք վերցնում, դա շա՞տ է, թե՞ քիչ է։ Դա կախված է նրանից, թե դուք ինչ աշխատավարձ եք ստանում»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ մեր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մյուս տարվա վերջում պլանավորում են, որ կլինի 50 տոկոսից ցածր, մասնավորապես՝ 48,4 տոկոս։

Մանրամասները՝ տեսանյութում