Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միասին մենք կարող ենք նպաստել ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի ապահովմանը. դեսպան Ջոն Գալագեր

Միասին մենք կարող ենք նպաստել ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի ապահովմանը. դեսպան Ջոն Գալագեր
Հայաստան
12:26, 02 сентябрь 2021
Դեսպան Ջոն Գալագերի ուղերձը Միացյալ Թագավորության՝ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում հակաականային գործողությունների աջակցությանն ուղղված ներդրման վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը, մասնավորապես՝ մարդկային կյանքերի ու կենսապայմանների կորուստը, կործանարար է եղել տարածաշրջանի համար: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունն առաջին միջազգային գործընկերն էր, որն աջակցություն ցուցաբերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործունեությանը՝ նվիրաբերելով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (660 միլիոն դրամ): Ներկայում Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ՝ հակամարտությունից տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանն օժանդակելու նպատակով:

Միացյալ Թագավորությունը նաև հանձնառու է աջակցել հեռացնել պատերազմից հետո մնացած բոլոր զենքերը, ականները և պայթուցիկ զինամթերքը, որոնք վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար և սահմանափակում հողօգտագործումը: Ուստի ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը հայտարարել է 500 000 ֆունտ ստեռլինգի (330 միլիոն դրամ) չափով ներդրման մասին՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՄԱԶԾ-ի ջանքերին աջակցելու նպատակով։ Հուսով ենք, որ այլ միջազգային գործընկերներ ևս կաջակցեն ՄԱԿ-ին այս կարևոր գործում և կոչ ենք անում բոլոր կողմերին աշխատել ՄԱԿ-ի հետ` ՄԱԿ-ի և հումանիտար այլ գործակալությունների համար հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ լիակատար մուտք ապահովելու նպատակով:

Մեր ներդրումը նաև վկայում է Միացյալ Թագավորության` աշխարհն ականներից ազատելու հանձնառության մասին: Այդ նպատակով մենք հաստատակամորեն աջակցում ենք «Հակահետևակային ականների արգելման կոնվենցիային»: Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել այդ կոնվենցիան, որը հայտնի է «Օտտավայի կոնվենցիա» անվանումով և պարտավորեցնում է դադարեցնել ականների տարածումը: Միասին մենք կարող ենք նպաստել ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի ապահովմանը բոլոր նրանց համար, ովքեր տուժել են անցյալ տարվա հակամարտությունից:

Միացյալ Թագավորությունը հայտարարում է 500,000 ֆունտ ստեռլինգի չափով ֆինանսավորման մասին՝ աջակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին՝ արձագանքելու Լեռնային Ղարաբաղի անցյալ տարվա հակամարտությանը

  • Միացյալ Թագավորությունը (ՄԹ) 500,000 ֆունտ ստեռլինգ է հատկացրել՝ աջակցելու վերականգնման ջանքերին և աշխարհում ամենաշատ ականապատված տարածքներից մեկի ականազերծմանը 
  • Այս ֆինանսավորումը հնարավորություն կտա դասընթացներ և անձնակազմ տրամադրել ականազերծմանն օժանդակելու նպատակով։ ՄԹ-ն այժմ կոչ է անում մյուս երկրներին աջակցել ՄԱԶԾ-ի նախաձեռնությանը

Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել՝  աջակցելու Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների ականազերծմանը՝ անցյալ տարվա հակամարտությունից հետո տարածքն անվտանգ դարձնելու, վնասվածքները կանխելու և կյանքեր փրկելու նպատակով։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին տրված ֆինանսավորումը հնարավորություն կտա դասընթացներ և անձնակազմ տրամադրել՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականների հեռացմանը և ականապատված տարածքները կիրառման համար անվտանգ դարձնելուն։

Որպես տարածաշրջանում հանուն բարիքի գործող առաջատար ուժ՝  ՄԹ-ն առաջինն էր, որ 2020 թվականի հակամարտությունից հետո հայտարարեց մարդասիրական աջակցության տրամադրման մասին՝ տուժածներին օգնելու նպատակով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ տրամադրելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

Այժմ ՄԹ-ն կոչ է անում այլ երկրներին՝ աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը` օգնելու հակամարտությունից տուժած հազարավոր անձանց նորովի կառուցել իրենց կյանքը և հակամարտության կամ չպայթած զինամթերքի պատճառով իրենց տներից հեռանալուց հետո վերադառնալ տարածաշրջան։

ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընն ասել է․ «Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքներն աշխարհում ամենաշատ ականապատված տարածքներից են, որի հետևանքով հաճախ գրանցվում են քաղաքացիական անձանց կյանքեր կորցնելու կամ ճակատագրական վնասվածքներ ստանալու դեպքեր։ ՄԹ նվիրատվությունը կօգտագործվի ՄԱԿ-ի փորձառությունից օգտվելու և  Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական անձանց կյանքին սպառնացող վտանգը նվազեցնելու համար` դասընթացներ և ականազերծման տեխնիկական աջակցություն տրամադրելով նրանց, ովքեր օգնում են տարածքն ավելի անվտանգ դարձնել: Սակայն դեռ շատ աշխատանք կա անելու։ Ուստի մենք դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ աջակցելու հավաքական ջանքերին, նպատակ ունենալով տարածաշրջանում բոլորի համար անվտանգություն ապահովել»։

ՄԱԿ-ը ֆինանսավորումը կօգտագործի Հայաստանում և Ադրբեջանում տեղական և ազգային ականազերծման կազմակերպությունների միջոցով աջակցություն տրամադրելու նպատակով, ներառյալ՝ տեխնիկական, ռազմավարական և կառավարման աջակցություն։

Տարածաշրջանում մնացել է ականների և չպայթած զինամթերքի նշանակալի քանակություն, ինչը մեծ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար։ ՄԹ-ն շարունակում է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին հանձն առնել Օտտավայի կոնվենցիայի ստորագրումը, որը նպատակ ունի վերացնել ականների կիրառումն աշխարհում։

ՀՀ-ում Բրիտանական դեսպանատուն