Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ՀԱՊԿ-ը չպատասխանի մեր հարցին, դուրս կգանք․ Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Հայաստանը դուրս գալի՞ս է է ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ, և տապալվե՞լ է խաղաղության օրակարգը, թե՞ ոչ։  

Անդրադառնալով այս հարցերին, իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության օրակարգը ռազմավարություն է՝ հետևաբար Հայաստանը այն ուղենիշ ունենալով շարժվում է դեպի այդ նպատակը։ Փաշինյանը դա համեմատեց ժողովրդավարության հետ՝ նշելով, որ ժողովրդավարությունը ևս ուղենիշ է ընտրվել Հայաստանում, բայց ամեն ինչ իդեալական չէ, և չնայած դրան Հայաստանը չի հրաժարվում այդ ուղենիշից, նույնն էլ խաղաղության օրակարգի դեպքում է։

ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ՀԱՊԿ-ի մասին էլ վարչապետն ասաց, որ Հայաստանը փաստացիորեն սառեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում։

«Պետք չէ քաղաքական որոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։ Մենք նիստերի չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք։ Դա դե յուրե որոշու՞մ է, թե՞ ոչ։ Օրինակ հարց չի ծագու՞մ՝ ինչու՞ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի։ Էս ինչու՞ ՀՀ-ն չի օգտագործում իր քվոտան՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու, ինչու՞ Հայաստանը կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։ Բայց ինչքանո՞վ է մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ ազնիվ, արդար և բարոյապես ճիշտ։ Այդ հարցին պատասխանելու համար մեր ասելիքը չի փոխվել։ Մենք խնդրում, ակնկալում, նաև պահանջում ենք ՀԱՊԿ-ից որպեսզի ՀԱՊԿ-ի մեր գործընկերները պատասխանեն մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱԿՊ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել՝ ոչ մի բանով։ Բոլոր պրոբլեմները ստեղծվել են այն կետից, երբ հարց ենք բարձրացրել, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում և այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Ընդ որում՝ այդ հարցն էլ օդից չի ընկել», - ասաց Փաշինյանն ու նշեց, որ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի համար արձանագրվել է, որ ՀՀ դե յուրե սահմանը իրենց համար կարմիր գիծ է ու այն հատվել է, սակայն ՀԱՊԿ-ը չի արձագանքել։

Վարչապետը նկատեց նաև, որ ՀԱՊԿ-ից առաջարկվել է խաղաղապահներ ուղարկել Հայաստանը, սակայն արձանգարեց, որ խաղաղապահը չեզոք կողմ է, իսկ ՀԱԿՊ-ը «մեր կազմակերպությունն է։ «Եվ այդտեղ հարց է ծագել՝ եթե ՀՀ տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, ապա ցույց տվեք՝ ձեզ համար ՀՀ ինքնիշխան տարածքը ո՞րն է։ Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամընկնի մեր պատկերացումներին՝ կնշանակի, որ ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի միջև հարցերը լուծված են՝ սրանից բխող հետևանքներով, եթե ոչ՝ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից։