Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ․ վարչապետ

Կմասնակցի՞ արդյոք Հայաստանը Ղրղզստանում անցկացվելի ՀԱՊԿ զորավարժություններին։ Այս հարցին պատասխանելով, այսօր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա քննարկման փուլում է։ Մասնակցելիս էլ, թե ինչ ձևաչափով ու ծավալով կմասնակցի՝ լրացուցիչ կքննարկվի և կհայտարարվի։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին եղած քննարկումներին, որի մասին հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, վարչապետն ասաց, որ ինչպես բազմիցս նշել է, իրենց ընկալումն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել ՀՀ-ից։ «Այսինքն, եթե ՀՀ-ն որոշում կայացնի դե յուրե դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ Հայաստանը կարձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ ՀԱՊԿ-ի դուրս գալ ասելով առաջին հերթին նկատի ունեմ կազմակերպության ունեցած պարտավորությունները»։ 

Վարչապետը նաև ասաց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցը դուրս չի եկել իրենց օրակարգից։

«Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Դե որ դուրս է եկել էլ ի՞նչ անենք մենք։ Ուրիշ բան մնու՞մ է մեզ անելու։ Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Էդ դուք գիտեք, ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ երկրներից սպառազինության կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն չի ունեցե՞լ։
Իհարկե, այդ հնարավորությունն ունեցել է, բայց դրանց փակ լինելը բացատրվել է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել ա՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ», - ասաց վարչապետը։