Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալլելոյին և «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին

Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալլելոյին և «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին
Հայաստան
14:41, 06 сентябрь 2021
Սեպտեմբերի 3-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) տնօրեն Ջոն Ալլելոյին, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանին և ծրագրի այլ   ներկայացուցիչների։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը և զբոսաշրջության կոմիտեի այլ աշխատակիցներ։

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներն ու ստանդարտները։

Վահան Քերոբյանը ողջունելով հյուրերին նշել է, որ մեծապես կարևորում է զբոսաշրջության դերը երկրի տնտեսության զարգացման գործում և ավելացրել, որ  այսօր առաջնային խնդիր է ավելացնել առավել գնողունակ զբոսաշրջիկների հոսքերը դեպի Հայաստան։ Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային ստանդարտներին համապատասխան, որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը և ավելացրել, որ մշակված փորձառությունները հնարավորություն կտան զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու աշխարհին և կնպաստեն զբոսաշրջային այցելությունների աճին։ Փաստաթուղթը մշակվել է «Իմ Հայաստան» ծրագրի կողմից՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Այն նպաստում է զբոսաշրջային նոր փորձառությունների զարգացմանը՝ հիմնվելով երկրի տարբեր զբոսաշրջային տարածաշրջանների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վրա։

«Հայաստանի օրինակելի փորձառությունները» լավագույնս ներկայացնում են Հայաստանի պատմությունը, բնությունը, ավանդույթները և հանդիսանում  են շուկայական պահանջներին համապատասխան զբոսաշրջային յուրահատուկ փորձառությունների հավաքածու, որոնք ճանապարհորդներին կապում են Հայաստանի մշակութային ժառանգությանը։ Չափանիշները հիմնված են զբոասաշրջության ոլորտում հաստատված միջազգային ստանդարտների և մշակութային ժառանգության ներկայացման լավագույն փորձի վրա՝ համապատասխանեցված հայկական իրականությանը։ Իրականացված աշխատանքի արդյունքում մշակվել են ստանդարտներ և ստեղծվել է գնահատման գործիք, որը փորձարկվել է և ծրագրի ընթացքում բարելավվել։

Հանդիպման ավարտին «Հայաստանի օրինակելի փորձառություններ»-ի փաթեթը փոխանցվեց ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեին՝ այն զարգացնելու և հետագայում նաև տնտեսավարողներին գնահատելու համար։

Ինքնատիպ և գրավիչ զբոսաշրջային փորձառություններ առաջարկող բիզնեսները, մշակութային հաստատությունները և հյուրընկալները կկարողանան  հայտ ներկայացնել՝ ընդգրկվելու Հայաստանի օրինակելի փորձառություններ հավաքածուի ցանկում։ Հայտը բավարարելու պարագայում փորձառությունները կխթանվեն Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ աշխարհին ներկայացվելու և այցելուներին դեպի Հայաստան գրավելու նպատակով։ Ցանկում ընդգրկվելու համար յուրաքանչյուր փորձառություն պետք է բավարարի և պահպանի արհեստավարժության բարձր որակական չափանիշներ և արտացոլի Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Ստանդարտները հասանելի կլինեն հանրությանը և ՀՀ-ում այդ ստանդարտներին համապատասխանող ցանկացած զբոսաշրջային փորձառություն հնարավորություն կունենա մասնակցել ծրագրին։

Վահան Քերոբյանն առաջարկել է իրականացվելիք աշխատանքների մեջ ներգրավել նաև ՀՀ էՆ ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին։