Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունենք, որ ՌԴ ակտիվ ու կառուցողական դերակատարության շնորհիվ կվերագործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը. պետնախարար

Հույս ունենք, որ ՌԴ ակտիվ ու կառուցողական դերակատարության շնորհիվ կվերագործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը. պետնախարար
Հայաստան
14:07, 25 октябрь 2021
Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման հարցը երկար տարիներ քննարկվել է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, սակայն միշտ Ադրբեջանը ապակառուցողական վարք է դրսևորել՝ ընդհուպ սպառնալով կործանել քաղաքացիական օդանավերը:

«Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման մասին հարցին, ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Պատերազմից ու ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո հույս ունեինք, որ օդանավակայանը կսկսի գործել, սակայն կրկին Ադրբեջանը հնարավորն անում է այդ ծրագիրը վիժեցնելու ուղղությամբ՝ առավելագույնս քաղաքականացնելով նման կարևորության հումանիտար հարցը: Ընդհանրապես, սա տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների այն քաղաքականության շրջանակներում, որով ձգտում են առավելագույն չափով մեկուսացնել Արցախի բնակչությունը արտաքին աշխարհից, ինչն ինքնին դեմ է միջազգային իրավունքի ու քաղաքակիրթ աշխարհի նորմերին»,- ասել է Արտակ Բեգլարյանը:

Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի ակտիվ ու կառուցողական դերակատարության շնորհիվ տեսանելի ապագայում հնարավոր կլինի վերագործարկել Ստեփանակերտի օդանավակայանը: