Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո 2 կողմերն էլ ունեցել են զոհեր. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում և նկատեց, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան ցանկալի կլիներ։

Փաշինյանը նշեց նաև հանգամանքը, որ հայկական կողմի դիրքորոշմամբ՝ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք։ «Չնայած հանգամանքին, որ սահմանները դելիմիտացված և դեմարկացված չեն, բայց գոյություն ունի պետական սահման, և դա Հայաստանի սուվերեն տարածքն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  

Փաշինյանը չհամաձայնեց նաև Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր կետերը կատարված են, բացի վերջին՝ 9-րդ կետից. «Գիտեք, որ գոյություն ունի նաև գերիների և այլ պահվող անձանց խնդիրը, և դա շատ կարևոր հումանիտար խնդիր է։ Եվ ես կարծում եմ, որ մենք այսօր հանդիպել ենք ոչ միայն բարձրաձայնելու խնդիրների մասին, այլև խոսելու, քննարկելու և որոշելու համար այն խնդիրները, որոնք առկա են։ Ես նույնպես քանիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է տալ մեկնարկ սահմանների դելիմիտացիային և դեմարկացիային»։

Նիկոլ Փաշինյանը, խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, ասաց, որ հայկական կողմը անկեղծորեն շահագրգռված է այդ խնդրով։ Փաշինյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, նշեց, որ Հայաստանը ևս շահագրգռված է խաղաղ բանակցություններով և կարծում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև Հայաստան-Ադրբեջան երկկողմ, ուղիղ շփումները և դրանք դրական համարեց։

Վովա Հակոբյան