Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է տալ այնպիսի ձևակերպում, որը կներառի միջազգային բոլոր ատյաններում ՀՀ ներկայացուցչության փաստը. Եղիշե Կիրակոսյան

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Ներկայացուցչի գրասենյակը իր ստեղծման օրվանից ներկայացրել է ՀՀ շահերը Եվրոպական դատարանում: Վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը հանդես է եկել նաև հայցվոր կողմի դերում: Բացի ՀՀ շահերը ներկայացնելուց, վարչապետի հանձնարարականով իրականացվել է նաև ՀՀ շահերի ներկայացման համակարգումը այլ միջազգային ատյաններում»,- նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հավելեց, որ արդեն 2021թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ-ն ներկայացրեց հայց ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարանում, և այդ գործընթացը ևս համակարգվում է ներկայացուցչի և ներկայացուցչի գրասենյակի կողմից:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել, նրա խոսքով, կարգավորելու ներկայացուցչի լիազորությունները. «Արդյունքում փոփոխվում է թե պաշտպանի անվանումը, թե օրենքի վերնագիրը՝ տալով այնպիսի ձևակերպում, որը կներառի միջազգային բոլոր ատյաններում ներկայացուցչության փաստը: Ընտրված ձևակերպումն է՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ: Այնուհետև օրենսդրորեն հստակ ամրագրվում են ներկայացուցչի լիազորությունները»: