Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով տեղի է ունեցել 2-րդ հանդիպումը. Փաստաբանների պալատ

Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով տեղի է ունեցել 2-րդ հանդիպումը. Փաստաբանների պալատ
Իրավունք
15:33, 01 июль 2021
Ադրբեջանում ապօրինի և շինծու քրեական հետապնդման ենթարկվող հայ գերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության հետ կապված հետագա գործողությունները քննարկելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատից:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ Ադրբեջանում հայ գերիների հետ կապված դատավարությունները ակնհայտ շինծու են և անօրինական՝ արդեն իսկ կանխորոշված ելքով և հետապնդում են բացահայտ քաղաքական նպատակներ:  Ավելին, այս դատավարություններով Ադրբեջանը փորձում է խուսափել գերիների վերադարձման մասով միջազգային պարտավորությունների կատարումից և շահարկելով խնդիրը ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Փաստաբանների պալատի նախաձեռնության շրջանակներում իրավաբանական օգնությունը նախատեսելու է  հետևյալ ձևաչափը՝

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերեվարված անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու նպատակով՝ Ադրբեջանում հայ գերեվարված անձանց տեսակցում, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և այլ իրավունքների խախտման փաստերի ստուգում: