Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022-ից այլևս վերջ կդրվի ինքնակամ շինությունների կառուցմանը. Դրանց հաշվառման կարգը ներկայացնում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը

Այսօր՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին հարցը:

Ինչպես նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, օրենքի նախագծով կանոնակարգվու է ինքնակամ կառույցի վերաբերյալ տվյալների հավաքագրումը. «Ինքնակամ կառույց ունեցող քաղաքացին պետք է դիմի Կադաստրի կոմիտեի որակավորման վկայական ստացած չափագրման մասնագետին, որն այնուհետև պետք է իրականացնի իր աշխատանքները տեղում՝ ուսումնասիրի, չափի շինությունը և համապատասխան կոորդինատները: Դրանից հետո, կոմիտեի ղեկավարի հրամանին համապատասխան, փաթեթ կկազմի, և չափագրողը և պատվիրատուն պետք է կնքեն համաձայնագիր, ըստ որի՝ ինքնակամ կառույցի բոլոր տվյալները ճիշտ են ներառված համապատասխան չափագրման փաթեթում, և չափագրման մասնագետը պետք է էլեկտրոնային հարթակ մուտք անի տվյալ չափագրման փաթեթը: Դրանից հետո քաղաքացին կծանուցվի  sms հաղորդագրությամբ, որ չափագրման փաթեթը մուտքագրված է Կադաստրի կոմիտեի չափագրման առցանց գրասենյակ չափագրողի կողմից: Եվ այդ պահից սկսած ինքնակամ կառույցը կհամարվի հաշվառված»:

Նրա խոսքով՝ քաղաքացին կարիք չի ունենա որևէ տեղ դիմելու՝ բացառությամբ չափագրողին դիմելու գործառույթից:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ երկամսյա ժամկետ է սահմանվում 2021 թվականին կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար. «Երևան քաղաքի համար ժամկետը սահմանվում է 2023 թվականի հունվարի 1-ին, մյուս համայնքներում ժամկետ է սահմանված մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ բոլոր գյուղական բնակավայրերի համար ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետ է սահմանված մինչև 2025թ. հունվարի 1-ը: Հաշվառված ինքնակամ շինությունները հետագայում կարող են օրինականացվել կամ ոչ, եթե չհամապատասխանեն սահմանված նորմերին»:

Նա հույս հայտնեց, որ այսպիսով վերջ կդրվի ինքնակամ կառույցների կառուցման ժամանակաշրջանին, և կշարժվենք քաղաքակիրթ երկրների ճանապարհով: