Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս նախագիծը պետական և համայնքային հողի վրա ինքնակամ կառույցներ տեղադրելու սողանցքի դեմ է. Նիկոլայ Բաղդասարյան

Այս նախագիծը պետական և համայնքային հողի վրա ինքնակամ կառույցներ տեղադրելու սողանցքի դեմ է. Նիկոլայ Բաղդասարյան
Քաղաքականություն
15:51, 30 июнь 2021
«Նախագիծը վերաբերում է բացառապես պետական և համայնքային հողի վրա ինքնակամ կառույց կառուցելուն: Դուք պետք է պատասխանեք մի հարցի՝  կո՞ղմ եք, թե՞ դեմ ինքնակամ կառույցներին»,- այսօր՝ հունիսի 30-ին, հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց. «Այս պահին կարող է ինչ-որ մեկը ինքնակամ կառույց տեղադրել Ազգային ժողովի դիմաց, հայց ներկայացնի դատարան, դատարանը, հայցը վարույթ ընդունելով, ավտոմատ կասեցնում է որոշումը, որով պարտավորեցվում էր տվյալ ինքնակամ կառույցը ապամոնտաժել, և մինչև դատական ակտը՝ ինքը ավարտում է շինության կառուցումը: Օրենքի չիմացությունը հանգեցնում է նրան, որ տպավորություն է ստեղծվում, թե համայնքի ղեկավարը չի կարողանում այդ կառույցը քանդել, կամ ոստիկանությունը պատշաճ չի կատարում: Ես չեմ հավատում, որ այս դահլիճում կա մեկը, ով ցանկանում է, որ Երևանի փողոցներում ինքնակամ կառույցներ կառուցվեն»: 

Նիկոլայ Բաղդասարյանը ընդգծեց. «Չենք կարող մի ձեռքով թույլ տալ ինքնակամ կառույցները, մյուս ձեռքով ասենք՝ ինչու համայնքի ղեկավարը չի պայքարում: Եթե «ոչ» ասեք այս օրենքին, հետո չասեք, թե այս կամ այն համայնքի ղեկավարը կամ ոստիկանը չի պայքարում ինքնակամ կառույցի դեմ: Իմ նախագիծը ինքնակամ կառույցների սողանցքի դեմ է, որը նախորդ իշխանությունը թույլ է տվել, որպեսզի զանցառուն կարողանա կառուցել այդ ինքնակամ շինությունը»: