Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախադպրոցական հաստատություններից սկսած ատելություն է սերմանվում էթնիկ հայերի նկատմամբ․ Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի նախադպրոցական հաստատություններից սկսած ատելություն է սերմանվում էթնիկ հայերի նկատմամբ․ Եղիշե Կիրակոսյան
Հայաստան
14:18, 02 март 2022
«Ադրբեջանի կրթական համակարգում՝ սկսած նախադպրոցական հաստատություններից իրականացվում է հատուկ նախապատրաստում՝ հենց փոքրուց ատելություն սերմանել էթնիկ հայերի նկատմամբ, որն ավելի արմատանում է, երբ իրականացվում է վաղ տարիքից։ Դա համեմվում է նաև հետագայում դպրոցների դասագրքերում նման նառատիվի խորացմամբ և ստացվում է, որ սա համակարգային գործոն է»,- ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգն Արցախում» խորագրով հանրային քննարկման ժամանակ։

«Այս համակարգային ատելության քարոզի մեջ նաև կարևոր տեղ ունի հաջորդ «հենասյունը», որը հայկական մշակութային արժեքների դեմ ուղղված համակարգային քարոզն է։ Մշակութային արժեքների վնասման, վերացմանն ուղղված միտումները։ Մենք լավ հիշում ենք Նախիջևանում միջնադարյան հայկական գերեզմանոցի խաչքարերի ոչնչացման դրվագը, որն ամենավառ կետերից մեկն էր վերջին մի քանի տասնամյակում տեղի ունեցած մշակութային ցեղասպանության։ Սա պատահական չէ և նպատակադրված թիրախավորված գործընթաց է՝ հայկական էթնիկ ներկայությունը տարածաշրջանում ջնջելու փորձ։  Սա նաև դրսևորվում է ոչ միայն մշակութային արժեքներ կեղծելով, այլ նաև պատմություն կեղծելու միջոցով»,-նշեց Եղիշե Կիրակոսյանն ու հավելեց, որ Հայաստանն ունի դեկտեմբերի 7-ի՝ արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որում դիտարկված պայմանական միջոցների թվում է նաև, մշակութային արժեքների պաշտպանությունը վանդալիզմից, և կոչ է արվում՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել նաև այդ ուղղությամբ։