Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի սահմանափակի Հայոց ցեղասպանության ինստիտուտի գործունեությունը. Հարություն Մարության

Հայոց ցեղասպանության թանգարանը կապի մե՞ջ է ցեղասպանությունը վերապրածների սերունդների հետ և տեղյա՞կ է արդյոք իրենց դիրքորոշումից՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում, քանի որ Թուրքիան հարաբերությունները կարգավորելու համար միշտ առաջ է մղել այն նախապայմանը, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Եվ եթե հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն, արդյոք չկա՞ մտավախություն, որ դա կսահմանափակի թանգարանի գործունեությունը։ Այսօր՝ ապրիլի 18-ին, «Արմենպրես»-ի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Civic.am-ը նաև այս հարցն ուղղեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին։  

«Սկսեմ երկրորդ հարցից՝ ոչ, ես անձամբ, որպես հետազոտող,  չունեմ այդ մտավախությունը, որովհետև Հայոց ցեղասպանության հիշողությունը մեր ինքնության հիմնասյուներից է։ Ցանկացած պետության ներքին և արտաքին քաղաքականությունը հենվում է ինքնության տարրերի իմացության և հարգելու վրա։ Իմ խորին համոզմամբ՝ նույնը նաև մեր պարագայում է լինելու, և, համենայնդեպս առայժմ, որևիցե նշույլ չկա այդ փոփոխության։ Քաղաքագիտական հանրությունը շատ բան կարող է ասել, նրանք իրենց գործն են անում, ես հարգանքով եմ վերաբերվում նրանց։ Ես՝ որպես թանգարանի տնօրեն, որպես հետազոտող, ասում եմ՝ որևիցե նշույլ չկա այդ մոտեցման փոփոխության»,- պատասխանեց Հարություն Մարությանն ու անդրադառնալով երկրորդ հարցին՝ նշեց, որ կապի մեջ են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների հետ, ու հիշատակեց նախորդ տարի թանգարանի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա էին ոչ միայն Հայաստանում ապրող սերունդները, այլև արտասահմանում ապրող գաղթականների ժառանգները, որոնք Հայաստան էին ժամանել ցուցահանդեսի բացմանը մասնակցելու համար. «Որևիցե քաղաքական հարց նրանց կողմից չի բարձրացվել, և առ այս պահը ես չեմ տեսնում ճնշումներ, թե եկեք ցեղասպանությունը մի կողմ դնենք, մոռանանք՝ նման բաներ թանգարանի նկատմամբ չկան»։ 

Նարա Մարտիրոսյան