Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատերազմից հետո փոխհատուցվել է 1400 ուսանողի ուսման վարձը, կփոխհատուցվի ևս 2840 շահառուինը»․ ԿԳՄՍ նախարար

«Պատերազմից հետո փոխհատուցվել է 1400 ուսանողի ուսման վարձը, կփոխհատուցվի ևս 2840 շահառուինը»․ ԿԳՄՍ նախարար
Հայաստան
16:11, 31 март 2021
Վերանայման փուլում է կրթության զարգացման 2021-2025 թվականների ռազմավարությունը, որի աշխատանքներն առկախվել էին պատերազմի պատճառով։ Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական աջակության շնորհիվ կրթության զարգացման փաստաթղթի գործունեության պլանը ներառում է ինչպես ֆինանսական գնահատական, այնպես էլ գործողությունների հստակ ժամանակացույց՝ մշտադիտարկման եւ գնահատման պլանով։

«Ուզում եմ ասել, որ առաջին կարեւոր իրադարձությունը բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումն է։ Մշակվել են բարձրագույն կրթության մի շարք ոլորտների որակավորումների բնութագրերը», - ասաց նախարարը եւ հավելեց, որ մեկ կիսամյակ ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել Արցախի դեմ սանձազերված պատերազմի ընթացքում պատերազմական գործողությունների մասնակից սովորողների։

Նախարարը նշեց, որ փոխհատուցումը տրամադրվել է պատերազմի մասնակից անձանց սովորող երեխաներին եւ սովորող ամուսնուն՝ ՀՀ-ում գործող միջին, բարձրագույն եւ հետբուհական, կլինիկական օրդինատուրա կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների՝ ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորելու պարագայում։ «Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել շուրջ 1400 ուսանողի եւ փոխհատուցվելու է եւս 2840 շահառուի ուսման վարձ», - ասաց նա։