Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բանդայի» անդամներից մեկին գաղտնալսել են, ասում էր՝ մեզ զինեցին, դաբրոն տվեցին, ասեցին՝ սատկացրեք․ մահացած տղայի պապը մեղադրում է Ծառուկյանի որդուն

«Բանդայի»  անդամներից մեկին գաղտնալսել են, ասում էր՝ մեզ զինեցին, դաբրոն տվեցին, ասեցին՝ սատկացրեք․ մահացած տղայի պապը մեղադրում է Ծառուկյանի որդուն
Հայաստան
16:22, 05 апрель 2021
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը պատկանող «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ անվադողերի նորոգման կետի հետ կապված միջադեպն ամբողջությամբ չի հանգուցալուծվում։

Դեռևս 2019թ․ հունվարի 29-ին անվադողերի նորոգման կետի աշխատակիցների և այդ կետից սպասարկում ակնկալող վարորդի միջև ծավալված վեճը, որն ընդլայնվել էր և հետևանք դարձել 2 զոհի և 6 վիրավորի՝ մասամբ է գնացել դատարան։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել էր զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել էին տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր․ մեղադրանք էր առաջադրվել 22 անձի, որոնք բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Այդ միջադեպի ժամանակ, հրազենային վնասվածքի հետևանքով մահացած Ջիվան Հարությունյանի հարազատները կատարվածում դեռևս շարունակում են մեղադրել Գագիկ Ծառուկյանի տղային՝ Նվեր Ծառուկյանին։ Civic.am-ի հետ զրույցում տղայի պապը՝ Ջիվան Հարությունյանը նշեց, որ թեպետ 7 հոգու գործն առանձնացրել ու ուղարկել են դատարան, սակայն մայր գործը դեռևս քննվում է։ Մեր զրուցակցի խոսքով՝ այդ 7 անձանցից մեկը «Թաթ» մականունով Արթուր Վարդանյանն է՝ Նվեր Ծառուկյանի թիկնապահը։

Արթուր Վարդանյանը, ըստ դատական տեղեկատվական համակարգի տվյալների, մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք, հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանությանը մասնակցելու մեջ։

 Ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանը խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է երկու կամ ավելի անձանց սպանության փորձ։ Նա ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ և կրակելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Ջիվան Հարությունյանն ու իր ընտանիքը վստահ են, որ կատարվածում կապ ունի Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Մահացածի պապի խոսքով՝ այդ տարածքում Նվեր Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի տղայի՝ Ալբերտ Սուքիասյանի ավտոմեքենաներն են եղել, սակայն քննչական ու դատավարական գործողությունների ընթացքում դա չի հաստատվել։ 
Սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի։ 

«Չորս հոգու վրա դրվել է սպանության փորձ, որից երկուսը զոհվածների կողմից են, այսինքն իրենք իրար են սպանել։ Թիկնապահի՝ «Թաթի» ձեռքին զենքը տեսել են, տեսնողն էլ ասել է մի կրակի։ Նվեր Ծառուկյանի ու Ալբերտ Սուքիասյանի մեքենաներն էլ են եղել այդ տարածքում, Նվեր Ծառուկյանի հեռախոսն էլ է այդտեղ եղել, սակայն քննչականը չի ապացուցել։ Բանդայի անդամներից մեկին գաղտնալսել են, ասում էր՝ մենք ով էինք, որ  գնայինք նրանց հետ կռիվ անեինք, նրանք մեզ զինեցին, դաբրոն տվեցին, ասեցին՝ գնացեք սատկացրեք․ մենք էլ գնացինք տեսանք թե քանի դիակ է ընկած»,-պատմեց Ջիվան Հարությունյանն ու պատասխանելով մեր հարցին՝ նշեց, որ գաղտնալսվողը իր զրույցի ժամանակ չի տվել Նվեր Ծառուկյանի անունը։

Մահացած Ջիվան Հարությունյանի պապի խոսքով՝ իր թոռը միջադեպի հետ կապ չի ունեցել, անվադողի հարցում ծագած կռվին չի մասնակցել, սակայն գիշերը հեռախոսային խոսակցությունից հետո դուրս է եկել, և 7 րոպե հետո դեպքը պատահել է։

Եվ մինչ մահացածի հարազատները շարունակում են զինված միջադեպում մեղադրել Գագիկ Ծառուկյանի որդուն՝ փաստաբան Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Նվեր Ծառուկյանը այդ փոխհրաձգության հետ որևէ առնչություն չի ունեցել․ «Հենց առաջին օրը, որ օրը տեղի էր ունեցել փոխհրաձգությունը, Նվեր Ծառուկյանը ծանուցագրի հիման վրա ներկայացել է վարույթն իրականացնող մարմին։ Շուրջ 8 ժամ տևած հարցաքննության ընթացքում տվել է բոլոր հետարքրող հարցերի պատասխանները նաև իր ալիբիի վերաբերյալ, թե նա այդ ժամանակ որտեղ է գտնվել, ինչով է զբաղված եղել և այլն։ Բացի դրանից ենթարկվել է մի շարք փորձաքննությունների՝ այդ թվում հետքաբանական։ Բացի այդ վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացվել է նաև Նվեր Ծառուկյանի անձնական ավտոմեքենան, և բազմաթիվ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում վերահաստատվել է այն պնդումը, որ Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չուներ և չէր էլ կարող ունենար տվյալ միջադեպի հետ»,- ասաց փաստաբանը։

Էմին Խաչատրյանը հավելեց նաև, որ քննչական գործողությունների ընթացքում ստուգվել է նաև նրա Նվեր Ծառուկյանի հեռախոսի վերծանումները և արդյունքում Նվեր Ծառուկյանը բացի վկայի կարգավիճակից դատավարական այլ կարգավիճակ ձեռք չի բերել։ 

Փաստաբանը նաև հավելեց, որ մայր գործով մահվան ելքերի վերաբերյալ քննություն է ընթանում, բայց թե ինչ փուլում է տեղեկություն չունի։ 
 
Նարա Մարտիրոսյան