Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի տարածքը օկուպացված է. մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից. ՀՀ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել, և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է»,- այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և հարված հասցրած ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում:

«Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնելու զինված ուժերի բարեփոխումները: