Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք մեր գոյությունը պետք է պահպանենք, չենք կարող ասել՝ մահանում ենք, բայց մինչև վերջ հավատարիմ ենք մնալու (Ռուսաստանին), անկախ նրանից՝ մեզ պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ․ Ալեն Սիմոնյան․ տեսանյութ

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը փոխո՞ւմ է արտաքին քաղաքականության կուրսը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արդար և ազնիվ չեն պնդումները, թե Հայաստանը արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն է կատարում. «Հայաստանը պարզապես ցանկանում է պաշտպանել իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ եթե մեր դաշնակիցները չեն պատրաստվում իրենց պայմանագրային պարտավորություններով աջակցել մեզ, իրենց խնդիրն է, ոչ թե մեր»։ 

Այս առիթով ԱԺ նախագահը զուգահեռ տարավ 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության հետ՝ ասելով, թե մեր գործընկերները սիրում են իրենց խոսքում կրկնել, որ Ցեղասպանությունը ճանաչել են, բայց մոռանում են, թե 100 տարի առաջ ինչպես է եղել հայերիս ցեղասպանությունը: 

«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ թուրքերը որոշեցին կոտորել մեզ, ինչպե՞ս եղավ, որ 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, մենք մենակ մնացինք հարևան ցեղասպան թուրքերի առաջ։ Ես չեմ մեղադրում կոնկրետ և միայն Ռուսաստանին, ես ասում եմ՝ մենք մեր գոյությունը պետք է պահպանենք։ Չենք կարող ասել՝ մենք մահանում ենք, բայց մինչև վերջ հավատարիմ ենք մնալու, անկախ նրանից՝ նա մեզ պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես դրան պատրաստ չեմ»,- ընդգծեց նա