Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ամեն ինչ անում ենք որպեսզի հետ վերադարձնենք կորցրած տարածքներն ու մեր դիերը․ Էդվարդ Ասրյան․ տեսանյութ

Մենք ամեն ինչ անում ենք որպեսզի հետ վերադարձնենք կորցրած տարածքներն ու մեր դիերը․ Էդվարդ Ասրյան․ տեսանյութ
Հայաստան
17:58, 31 октябрь 2022
«Կա կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծված հանձնաժողով, որը աշխատանքներ է իրականացնում անհայտ կորած մեր 25 զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Վերջին տեղեկություններով, գիտեմ, որ 10 դի վերադարձվել է մեզ և եթե կատարվի ԴՆԹ ճանաչում, ապա կունենանք 16 անհետ կորած», - այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և ավելացրեց, որ դիերը վերադարձնելու կողմից համապատասխան աշխատանքներ են տարվում Կառավարության, ԱԱԾ-ի Պաշտպանության նախարարության կողմից։ «Ընդամենը կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմը դեռևս համապատասխան թույլտվություն չի տվել, որ մեր ստորաբաժանումները մտնեն և որոնեն դիերի գտնվելու վայրերը։ Այո՛, եղել է դեպք, որ փաստ կա, որ Կուտականի ուղղությամբ ունենք մեկ դի։ Մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք։ Դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում։ Այնտեղ մտնելու թույլտվություն դեռևս հակառակորդը չի տվել։ Մենք ամեն ինչ անում ենք որպեսզի հետ վերադարձնենք մեր դիերը», - ասաց ԳՇ պետը։

Անդրադառնալով կորսված տարածքներին Էդվարդ Ասրյանը ասած, որ եթե հստակ պատասխանի, թե քանի քառակուսի կիլոմետր է Ադրբեջանը օկուպացրել, ապա հետո, որոշակի ճշտումներից հետո պետք է ստացվի այնպես, որ ճիշտ թիվ չի ներկայացրել։ «Կա հաշվարկի տարբեր մեթոդներ։ Եթե հաշվարկները կատարվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություններ է ունեցել և օկուպացրել մեր տարածքները՝ ստացվում է մոտ 130 քառ կմ և որոշակի ավել տարածք։ Եթե հաշվում ենք այդ տարածքների կորուստները անմիջապես մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում։ Կա տարածքների մակերեսի հաշվարկման տարբեր մեթոդներ։ Հակառակորդի մխրճումը համապատասխան ճակատով և համապատասխան խորությամբ բոլոր ուղղություններում մխրճում չի արձանագրվել։ Կան որոշ հատվածներ որոնց  վերջավորությունը հասնում է 3,5 կմ, բայց թևերը ընդամենը 100-200 մետր են։ Տեղանքի գոգավորություններից, առանձնահատկություններից ելնելով այդ բոլոր հաշվարկները կատարվում է տարբեր ձևերով», - ասաց Էդվարդ Ասրյանը։

Էդվարդ Ասրյանն ասաց, որ դիրքեր կան, որտեղ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, դիրքեր կան, որտեղ պետական սահմանից առաջ են գտնվում, և հաշվարկը պետք է արվի հաշվի առնելով ՀՀ պետական սահմանը։

«Տարածքները վերադարձնելու ուղղությամբ գործ արվում է՝ քաղաքական դաշտում դիվանագիտությամբ, իսկ ռազմական դաշտում մենք պետք է ամրացնենք այն ինչ ունենք այդ բնագծերում, որոնք պետք է հենարան հանդիսանան մեր հետագա գործողությունների համար», - ասաց Ասրյանը։