Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են ՀՀ զինված ուժերի արդիականացման ու բարեփոխումների ընթացքը

Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են  ՀՀ զինված ուժերի արդիականացման ու բարեփոխումների ընթացքը
Հասարակություն
20:32, 26 август 2022
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 26-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը:
Վալերի Գերասիմովը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Արցախում արձանագրված զարգացումները և այս պահին տիրող իրադրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: