Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏՏ ոլորտն ահազանգում է՝ եկամտային հարկի վերադարձի նախագիծը չի մտել կառավարություն, իսկ դրամի արժևորումը շարունակում է վնասներ պատճառել. տեսանյութ

Դրամի շարունակական արժևորման պայմաններում բարձր տեխնոլոգիաների ոլորտը կորուստներ է կրում։  Բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարվում է արտահանող ոլորտ՝ պատվերները ստացվում են արտարժույթով։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ այս ոլորտում պատվերների 90-ից ավելի տոկոսը արտերկրներից են, և մարտ ամսից սկսած արդեն իսկ որոշ ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, որոշներն էլ աշխատակազմից են կրճատումներ արել։ Թե որ ընկերություններն են փակվել՝ տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ներկայացուցիչները չեն հստակեցնում, հուսով են՝ դրամի արժևորման խնդիրը ժամանակավոր է, և հնարավոր է վերաբացվեն։ Ինչ վերաբերում է պայմանագրային գներին՝ նշում են, որ կայուն հարաբերություններ ունեն հաճախորդների հետ 10 տարի շարունակ։ 

 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ թեպետ դրամի սթրեսային արժևորումը ժամանակավոր բնույթ է կրում, այնուամենայնիվ պետության աջակցության կարիքն ունեն արդեն իսկ կրած վնասների փոխհատուցման հարցում։

«Այսօրվա սթրեսային արժևորումը ուղղակի բերել է նրան, որ կազմակերպությունները, որոնք ներդրում էին անում թե կրթական ծրագրերի զարգացման, թե սոցիալական ծրագրերի մեջ, արդեն չեն կարողանում անել այդ ներդրումը։ Իսկ այդ ծրագրերով ուսանողներից պատրաստում էին ավագ մասնագետներ։ Հիմա կազմակերպությունները բյուջե չունեն, աշխատավարձի բյուջեն է արդեն հարցի տակ դրվում»,- ասում է ՎՕԼՕ ՍՊԸ տնօրեն Արմեն Քոչարյանը։   

Նա ընդգծում է՝ դրամի արժևորման սթրեսն այն է, որ ամբողջ աշխարհում ամերիկյան դոլարի նկատմամբ բոլոր արտարժույթներն ընկնում են, միայն Հայաստանը հակառակ վեկտորն ունի, քանի որ ԵԱՏՄ երկրներից շատ բիզնեսներ ու աշխատողներ եկել են Հայաստան, ու սթրեսային քանակի արտարժույթ է մտնում երկիր, ինչն էլ հանգեցրել է դրամի արժևորմանը, արտահանող ընկերություններն էլ հայտնվել են անմրցունակ վիճակում։

«Հայաստանի բոլոր ռազմավարական փաստաթղթերում բարձր տեխնոլոգիական ոլորտի դերակատարումը մինչև 70 տոկոս է, ինչը նշանակում է, որ ընկերությունների կրած վնասները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա»,- ասում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն ու ընդգծում, որ կառավարությունից ակնկալում են սուբսիդավորում։ 

Էկոնոմիկայի նախարարությունը դեռևս սեպտեմբեր ամսին շրջանառության է դրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու մասին նախագիծ։ Նախագծի ընդունմամբ 4 ամիսների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկի վերադարձ է իրականացվելու, սակայն մինչ օրս նախագիծը չի մտել կառավարություն։  

Հայկ Չոբանյանի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կփոխհատուցվի ընկերությունների 2022թ. արտարժույթի շուկայում փոփոխություններից կրած վնասների մոտ 30 տոկոսը։ 

«Մենք այսօր նպատակ ունենք պահանջը ձևակերպել առ այն, որ գոնե այս նախագիծը, որը միակ արձագանքն է կառավարության կողմից առկա խնդիրներին, շուտափույթ ընդունվի, որպեսզի ընկերությունները փոքր շնչառություն ստանան իրենց կենսագործունեության համար»,- նշում է Հայկ Չոբանյանը։ 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները նաև Կենտրոնական բանկի հետ են քննարկումներ ունեցել դեռևս ապրիլ ամսին՝ բարձրացնելով դրամի արժևորման զսպման հարցը, սակայն Կենտրոնական բանկից  վստահեցրել են, որ դրամի արժևորման արհեստական զսպումը կհանգեցնի գնաճի և ռիսկային է։ Այս պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտն ակնկալում է կառավարության կողմից սուբսիդավորում՝ որպես խնդրի կարճաժամկետ լուծում։ 

«Ինչպես հայտարարվել է, Հայաստանի պետական բյուջեն 70 մլրդ դրամի լրացուցիչ մուտքեր է ունեցել, որը հաստատ պայմանավորված է նաև այս երևույթներով, որից տուժում է արտահանման ոլորտը, և մեր առաջարկն է, որ այդ եկամուտները վերադարձվեն իրական տնտեսությանը՝ արտահանող ոլորտին, որի վնասների պատճառով պետբյուջեն ստացել է այս լրացուցիչ եկամուտները»,- հավելեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը։   

Թե ՏՏ ոլորտի քանի ընկերություն է դադարեցրել իր գործունեությունն այս տարի, ինչու էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված նախագիծը մինչ օրս չի ուղարկվել կառավարություն, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ էկոնոմիկայի նախարարությունից, սակայն դրանք մնացին անպատասխան։  

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում