Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ՏՏ երկիր ճանաչողությունից անցում է կատարում դեպի բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչողությանը. ԲՏԱ փոխնախարար․ տեսանյութ

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները մեկ հարթակում քննարկում էին արդիական թեմաներն ու կիսվում իրենց փորձով։ Այսօր՝ հունիսի 22-ին, «Orion Summit 2022»  տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի բացումն էր։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի խոսքով՝ այս հարթակում շփվում են ոլորտի հետ՝ հասկանալու իրենց խնդիրները, միասին փորձելու գտնել լուծումները և տեղեկացնելու, թե ինչ է  նախարարությունը պլանավորում իրականացնել ոլորտի զարգացման համար։ 

Փոխնախարար. «Մենք անցում ենք կատարում Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր ճանաչողությունից դեպի բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչողությանը»։  

Փոխնախարարի խոսքով՝ այս տարի նախաձեռնել են դասընթացներ նաև ստարտափների աջակցությանն ուղղված։

Փոխնախարար. «Դասընթացների ոլորտները 5-ն են՝ կիբերանվտանգություն, ինժեներություն, բլոկչեին, արհեստական բանականություն և տեխնոլոգիական ձեռներեցություն։ Այս բոլոր ուղղությունները հակված են նրան, որ այն գիտելիքները, որ մասնակիցները կստանան, այդ գիտելիքներով գնան ոլորտ և զարգացնեն ոլորտը։ Հայաստանը դիրքավորում ենք ոչ թե այսօրվա կարիքներից ելնելով, այլ ապագա կարիքներից ելնելով»։ 

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը այս հարթակը մեծ հնարավորություն է դիտարկում՝ արձանագրելու ոլորտի զարգացումներն ու հաջողությունները։ Նա առաջարկեց մասնակիցներին չխուսափել նաև խնդիրների մասին խոսելուց, քանի որ դրանք վերհանելն ու քննարկելը, լուծման ուղիներ մշակելը հնարավորություն են տալիս չկրկնելու սխալները։ 
Գագաթնաժողովի ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է։   
 
 «Ամերիաբանկի» ինովացիաների և թվայնության գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց, որ այսօր բանկը չի դիտվում միայն ֆինանսական սերվիսներ տրամադրող, այլև ֆինանսական և ոչ ֆինանսական հարթակներ տրամադրող, որտեղ տարբեր կազմակերպություններում նաև ստարտափները կարող են աճել։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էլ ընդգծեց, որ ստարտափ էկոհամակարգի զարգացումը նախարարության օրակարգում է. «Մենք հետևողական աշխատանք ենք տանում ստարտափների կայացման համար։ Հաջողության ուղին հարթած և ձեռքբերումների հասած ընկերությունների փորձը լուրջ խթան կարող է հանդիսանալ առաջին քայլեր անող ստարտափների համար»։  

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ևս միջոցառման գլխավոր բանախոսներից էր։  Նա իր պատկերացումները կիսեց ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ արտադրողականությունն ու նորարարությունը գալիս են համագործակցությունից, և կարևոր չէ, թե տվյալ երկրի տնտեսությունը որքան փոքր կամ որքան մեծ է։ Նա օրինակ բերեց Էստոնիան՝ նշելով, որ նրանք կարողացան կլանել այն գիտելիքները, ինչ Շվեդիան և Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ անում էին հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ 

Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ սմարթֆոնները, որոնք մեր ձեռքին են, դրանք ևս համաշխարհային համագործակցության արդյունք են։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան