Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը․ փոխնախարար․ azatutyun.am

Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը․ փոխնախարար․ azatutyun.am
Հայաստան
16:09, 13 декабрь 2022
Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն՝ անդրադառնալով երեկվանից ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու գործողություններին։

Փոխնախարարն ասաց, որ այժմ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև՝ շեշտելով՝ Արցախի իշխանությունները նույնպես ներգրավված են խնդրի կարգավորման գործում։

Գևորգյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արատաքին գործերի նախարարությունների միջև բանակցություններ այս հարցով չկան։

«Ազատություն»․ - Լարված իրավիճակ է ստեղծվել Լաչինի միջանցքում, հարյուրավոր ընտանիքներ մնացել են ճանապարհին, Արցախը հայտնվել է փակուղում, ինչպե՞ս է Հայաստանի արտգործնախարարությունը գնահատում այս իրավիճակը։

Վահե Գևորգյան․ - Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում, շատ լուրջ խախտում, որովհետև եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է Լաչինի միջանցքի գործունեությունը: Փաստորեն, ադրբեջանական կողմից տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լրջագույն խախտում, որը պետք է հասցեագրվի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին: Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, փաստորեն, տեղի է ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային մարդու իրավունքի լայնածավալ խախտում, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կոլեկտիվ պատժի փորձ, ինչը միանշանակ դատապարտվում է միջազգային բոլոր հումանիտար օրենքներով։ Զրկել մարդկանց ազատ տեղաշարժից, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների ամենօրյա մատակարարումից և զրկել ոչ թե 1-2 մարդու, այլ զրկել հավաքական իրավունքներից, դա, իրավական տեսակետից, նույնպես լրջագույն խախտում է, որը կարող է ծառայել որպես էթնիկ զտումների և ցեղասպանության վաղ ահազանգ:

«Ազատություն»․
- Ի՞նչ է անում այս պահին Հայաստանի արտգործնախարարությունը, կոնկրետ քայլեր ձեռնարկո՞ւմ է՝ այս վիճակին արձագանքելու համար։

Վահե Գևորգյան․
- Կոնկրետ քայլեր ձեռնարկվում են ոչ միայն արտգործնախարարության, այլև բոլոր մակարդակներով. երեկ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև՝ թեման ստեղծված իրավիճակի հաղթահարումն էր։ Մենք արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով տեղեկացնում ենք մեր միջազգային գործընկերներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ավելին՝ շուտով ականատես կլինեք, որ ամենաբարձր ատյաններից Հայաստանը կանդրադառնա այս իրավիճակին։

«Ազատություն»․ - Ռուս խաղաղապահների մանդատը թույլ չի՞ տալիս բացել միջանցքը, ի վերջո, նրանց վերահսկողության տակ է այդ ճանապարհի անխոչընդոտ երթևեկության ապահովումը։ Ինչո՞ւ չի գործում այստեղ ռուս խաղաղապահների մանդատը, թե՞ պարզապես որևէ մանդատ չունի։

Վահե Գևորգյան․ - Իրավիճակը զարգացման մեջ է, այսինքն՝ միանշանակ ասել, որ ռուս խաղաղապահները չեն օգտագործում իրենց մանդատը, այս պահին ժամանակավրեպ է։ Կարծում եմ՝ փորձեր են կատարում՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ, բայց ես համաձայն եմ Ձեր բնորոշման հետ, որ այս քայլերը՝ Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը, կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում