Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքում են նաև ադրբեջանական բանակայինները, նրանք զինված են. Դավիթ Բաբայան

Լաչինի միջանցքում են նաև ադրբեջանական բանակայինները, նրանք զինված են. Դավիթ Բաբայան
Հասարակություն
13:50, 12 декабрь 2022
Հայաստանն Արցախին կապողը ճանապարհը Շուշիի հատվածում փակած ու «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիները վրաններ են տեղադրում։ Այս մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով իրավիճակին։

Բաբայանն ասաց, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ ճանապարհը բացելու համար, նաև նշեց, որ միջադեպի վայրում, «բնապահպաններից» բացի, նաև ադրբեջանական ԶՈՒ-ն է։

«Զենքով-զինամթերքով կանգնած են, արդեն վրաններ են տեղադրում․ այս է իրավիճակը։ Սա հարված է Արցախին, նաև ռուս խաղաղապահներին, միջազգային հանրությանը», – ընդգծեց Արցախի ԱԳ նախարարը, ապա հավելեց․ «Ադրբեջանցիներն ուզում են կաթվածահար անել Արցախը, հարված հասցնել խաղաղապահների և միջազգային հանրության հեղինակությանը, մնացածը երկրոդական են»։