Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլեւ ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում․ ՀՀ վարչապետ

ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները ՀՀ-ում նպատակահարմար չենք համարում իրականացնել։ Այս մասին այսօր ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հ1-ի հարցին՝ ՀԱԿՊ-ի կողմից այդպես էլ գնահատական չտրվեց ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային։ 

«Ես կարծում եմ, որ այդտեղ մի փոքր թյուրըմբռնում կա, քանի որ ՀՀ ՊՆ-ն արդեն իրազեկել է ՀԱՊԿ միավորված շտաբին, որ ՀԱՊԿ զորավաժությունները ՀՀ-ում, համենայնդեպս այս իրավիճակում, նպատակահարմար չենք համարում։ Եւ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայնդեպս այս տարի չեն կայանա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններին․ ես ուզում եմ, որ հարցի նրբությունները մենք ավելի լավ հասկանանք։ Այո, ձեր ասածը լիարժեք ճիշտ է՝ կապված Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հետ, բայց ամբողջը չէ։ Իրականում այդտեղ էլ ես կուզենայի հարցին նայեինք մեր տեսանկյունից, քան թե ուրիշների դիրքորոշումները դիտարկենք՝ կրկին մեր տեսանկյունից։ ՀՀ ձեւավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է եւ անվտանգության երաշխավորը։ Եւ պիտի ասեմ, որ մենք նույնպես հարցը ընկալել ենք եւ ընկալում ենք այդպես։ Եւ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը եւ օրակարգը առաջին հերթին ՌԴ-ի հետ եղել է հետեւյալը, որ մենք մտավախություն ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ եւ սա եղել է ՌԴ-ի հետ մեր հաղորդակցության անվտանգային ոլորտի հիմնական թեման։ Իմ կարծիքով այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ եւ դրանց ընթացքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանոգության ոլորտի մեր դաշնակիցների ու գործընկերների համար»,-նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երբ տեղի է ունեցել 2021թ․ մայիսի իրադարձությունները՝ Սոթք-Խոզնավար հատվածում՝ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ տարածք, ՀՀ-ն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել է կոնկրետ գործողություններ ՌԴ-ի, անվտանգային ոլորտի իր գործընկերներից։ «Եւ ի պատասխան մեր հարցումների եւ դիմումների՝ ստացել ենք դիտարկում, թե ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները դեմարկացված չեն։ Եւ այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն «կարմիր գիծը», որը մենք արդեն միջպետական հարաբերություններում արձանագրել ենք։ Եւ այս համատեքստում շատ կարեւոր է դարձել այս հարցի պատասխանը՝ հետագա հարաբերությունների կառուցման համար։ Այդ «կարմիր գիծը» դե յուրե գոյություն ունի եւ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ ՀՀ-ում։ Եւ Երեւանում նախորդ տարի կայացած գագաթնաժողովի ընթացքում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն էր, որ մենք ոչ թե միայն տեսականորեն, այլ նաեւ գործնական խնդիր ունենք՝ ի ցույց դնելու եւ հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Եւ մենք ասել ենք՝ առանց այս գծի պաշտոնապես արձանագրման՝ մենք որեւէ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում։  Եւ սա է հիմնական բովանդկությունը, որը այսօր էլ շարունակում է մնալ սեղանին։ ՀԱՊԿ գագաթնաժողովն ավարտվել է, սակայն խոսակցությունը չի ավարտվել։  Եւ դա շարունակում է մնալ մեր օրակարգային հարցը։ Էլի մենք նույն նիստերի ընթացքում, բավական երկար ժամանակ քննարկվել էր եւ ՀՀ-ՌԴ ֆորմատով, եւ ՀՀ-ՀԱՊԿ ֆորմատով»։

Հաջորդ հարցը, ըստ ՀՀ վարչապետի, հետեւյալն է․ վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները արեւմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետեւյալ կերպ․ ասում է, որ մենք մտավախություններ ունենք, որ ՀՀ-ն եւ ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ եւ ահա մենք կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում։ «Այսինքն, մենք բոլորս գիտենք, որ, բնականաբար, աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց մյուս կողմից Ուկրաինայի իրադարությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում եւ հենց այդ նպատակով էլ Ադրբեջանը արեւմուտքում հենց այդ խոսույթն է զարգացնում։ Եւ մենք ՌԴ-ի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում, այսինքն՝ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլեւ ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար։ Եւ մենք այս փաստերից հետեւություններ չենք անում, առայժմ արձանագրում ենք փաստերը։ Տպավորություն չստեղծվի, որ մեր հարաբերությունների որեւէ փուլում այս խոսակցությունը տեղ չի ունեցել, սա անընդհատ խոսակցություն է, եւ այլ բան, որ մենք հիմնականում աշխատում եւ աշխատել ենք պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակով։ Հիմա հարց կծագի՝ ինչո՞ւ եմ այս մասին հրապարակային խոսում։  Շատ պարզ պատճառով, քանի որ ես չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր աշխատանքում ՀՀ-ի շահերին առնչվող որեւէ հարց չենք հետապնդում բավարար չափով։ Շատ կարեւոր է, որ մեր հանրությունը տեղյակ  լինի, որ այս հարցերի շուրջ ամենօրյա աշխատանք ենք տանում եւ այն շարունակելու ենք»։