Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքանով են իրական Հայաստանին ուղղված ճնշումները Միութենական պետությանն անդամակցելու համար. Ինչպես և ում միջոցով է Մոսկվան առաջ տանում այդ գաղափարը Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Միութենական պետություն» մտնելու առաջարկների մասին հարցին, ասաց, որ որևէ պաշտոնական առաջարկ Հայաստանին չի եղել։ Ոչ պաշտոնական ճնշումներին անդրադառնալով՝ վարչապետը մատնանշեց փորձագիտական հանրության շրջանակներում առկա խոսույթը և ոչ պաշտոնական շփումները։ 

Թեմային ավելի վաղ անդրադարձել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հայտարարությանը։ Վերջինս հայտարարել էր, որ «Միութենական պետությունում» 3-րդ երկիրը պակասում է։ «Ես հետևել և նայել եմ, թե ինչպես են մեր հայ եղբայրները արձագանքում, և նրանք ինձ աջակցել են»,- ասել էր Կոնյուկը։

Գրիգորյանը Լաչինի միջանցքը փակելը ևս կապել էր Հայաստանին «Միութենական պետություն» մտնելու պարտադրանքների, ճնշումների հետ։

Վարչապետի մամուլի ասուլիսից հետո խոսակցություններ ակտիվացան, որ,  փաստորեն, Հայաստանի նկատմամբ «Միութենական պետություն» մտնելու ճնշումներ չկան, և հղում անել փորձագիտական լեքսիկոնին՝ լուրջ չէ, իսկ Արմեն Գրիգորյանի՝ ճնշումների մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Փաշինյանը, սակայն, բացի փորձագիտական մակարդակով խոսակցություններից, հղում է արել նաև ոչ պաշտոնական շփումներին, բացի դրանից, «Միութենական պետությանը» Հայաստանի անդամակցության մասին խոսել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, թե Հայաստանը փախչելու տեղ չունի, իսկ Լուկաշենկոն և Հայաստանում Բելառուսի դեսպանը, մեղմ ասած, փորձագիտական շրջանակներ չեն։   

Մարիա Զախարովան Լուկաշենկոյի ելույթից հետո մեկնաբանել էր վերջինիս խոսքը՝ նշելով, որ Լուկաշենկոն չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և անվտանգության, տնտեսության ու այլ ոլորտներում միավորումների մասին: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ դա Լուկաշենկոյի տեսլականն է: Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա այն, Զախարովայի խոսքով, «փակ միավորում չէ, այն թույլ է տալիս այլ մասնակից պետությունների միանալու հնարավորությունը»։

Բացի դրանից, ուշադրության է արժանի հանգամանքը, որ ռուսական պետական հեռուստաընկերություններով պարբերաբար ելույթ ունեցող փորձագետները իրենց հայտարարություններում այնքան էլ անկախ չեն և չեն կարող արտահայտել Կրեմլի տեսակետից էականորեն տարբերվող տեսակետ և պարբերաբար հայտնվել Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ համարվող Սոլովյովի և մյուսների հաղորդումներում՝ հյուրի, փորձագետի կարգավիճակում։

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախկին պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը, օրինակ, հենց այդ փորձագետներից է, որը 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո, անդրադառնալով Հարավային Կովկասում Թուրքիային զսպելուն ուղղված քայլերին, կոչ էր անում ստեղծել Միութենական պետություն և այն սկսել Հայաստանից։

Կամ նույն Մարգարիտա Սիմոնյանը, որն ի պատասխան թվիթերյան մեկնաբանության, որտեղ հարց էր բարձրացվել, թե ե՞րբ է Հայաստանը միանալու ռուսական կայսրությանը, պատասխանել էր, թե դա պետք է որոշեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները. «Ես՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, ափսոսում եմ կայսրության փլուզման  համար, բնականաբար միայն կողմ եմ»։

Նույնիսկ առանց Անվտանգության խորհրդի քարտուղարի և վարչապետի հայտարարությունների էլ ակնհայտ է, որ «Միութենական պետության» մասին առնվազն քննարկումներ Կրեմլում առկա են։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան