Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ ոգևորված չի եղել ՀՀ-ի ինքնիշխանության պահպանմամբ, ուստի բնավ զարմանալի չէ, որ նման տեսակետ է հայտնում. Պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ ոգևորված չի եղել ՀՀ-ի ինքնիշխանության պահպանմամբ, ուստի բնավ զարմանալի չէ, որ նման տեսակետ է հայտնում. Պատգամավոր
Քաղաքականություն
13:32, 18 февраль 2022
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի արած հայտարարությունից հետո  արդեն իսկ հայտնել է Միութենական պետության վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը, և ես կիսում եմ այդ տեսակետը։ Հայաստանի արտաքին օրակարգում նման հարց չկա»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած տեսակետին:

«Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ ոգևորված չի եղել ՀՀ-ի ինքնիշխանության պահպանմամբ, ուստի բնավ զարմանալի չէ, որ նման  տեսակետ է հայտնում»,- ասաց Խանդանյանը։ 

Դիտարկմանը՝ ի՞նչ ուղերձ էր ուզում հղել ԱԺ՝ մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցության փաստացի ղեկավարը, իշխանական պատգամավորն արձագանքեց. «Կրկնում եմ՝ խոսքը ՀՀ ինքնիշխանության պահպանման մասին է, և այդ կոնտեքստում զարմանալի չէ, որ Քոչարյանը նման դիրքորոշում է հայտնում։ Սրանից ավելի բան չեմ ուզում ասել»։  

Արդյոք խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների հետ ՔՊ-ն քննարկե՞լ է Քոչարյանի երեկվա հայտարարությունը՝ մեր հարցին պատգամավորն արձագանքեց՝ ոչ։ 

Նշենք, որ երեկ Հ1-ի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման եթերում «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը մի քանի անգամ հնչեցված հարցին՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ,  որ ՀՀ-ն միանա ՌԴ-Բելառուս միութենական պայմանագրին, այդպես էլ չտվեց կոնկրետ պատասխան՝ այո կամ ոչ։ Նա սույն հարցը մի քանի անգամ տված մեկնաբանին մեղադրեց հասկանալու հետ խնդիր ունենալու մեջ և  բավարարվեց ընդամենը կրկնելով, որ օրակարգում այժմ նման հարց չկա։ «ՀՅԴ-ի համար բացարձակ արժեք է Հայաստանի ինքնիշխանության և պետականության պահպանումը»,- պնդեց Մանուկյանը։  

Նկատենք, որ ՀՀ բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչներ, մասնավորապես նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, արձագանքել են Միութենական պետության պայմանագրին միանալու շրջանառվող հարցին։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրերս արձագանքելով Բելառուսի նախագահին, հայտարարեց.  «Հայաստանի օրակարգում Միութենական պետություն դառնալու հարց չկա. եթե նման հարց չկա՝ իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է մնա այդպիսին»:

Հիշեցնենք, որ պատասխանելով Ռուսաստանի հետ Միութենական պետության մասին Լուկաշենկոյի հայտարարությանը արձագանքելու մասին հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե նման միություններից վախենալ պետք չէ: «Իմ կարծիքով՝ չպետք է սենց ապրիորի վախենալ որևէ նման ինտեգրման պրոցեսներից, ուղղակի պետք է նստել ու հաշվել՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Շատ սառը հաշվարկ պետք է ունենաս։ Դեռ այդպիսի առաջարկ չի եղել»,- ասել է նախկին նախագահը:

Հեղինե Մանուկյան