Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տագնապով հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Հայացք Երևանից

Տագնապով հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Հայացք Երևանից
Տարածաշրջան
11:00, 04 май 2024
Ապրիլի 15-ից Թբիլիսիում տեղի են ունենում բազմամարդ բողոքի ցույցեր՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։ Նշենք, որ վերջին օրերին Թբիլիսիում խորհրդարանի մոտ ոստիկանությունը հատուկջոկատայինների աջակցությամբ ցրել է բազմահազարանոց բողոքի հերթական ցույցը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։ 
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։  

«Մենք մեծ ուշադրությամբ և ինչ-որ տեղ նաև տագնապով հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և տեսնում ենք, որ այնտեղ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան կոնֆլիկտ Վրաստանի իշխանության և հասարակության միջև՝ մի կողմից, և Վրաստանի իշխանության և Արևմուտքի միջև՝ մյուս կողմից։ Ընդ որում, մենք հստակորեն տեսնում ենք, որ հասարակությունը և Արևմուտքը դաշնակցում են։ Եվ այսօր դիտարկում են Վրաստանի իշխանությանը որպես խոչընդոտ՝ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան մղումներին»,- ասաց քաղաքագետը։ 

Նա նշեց, որ Վրաստանով է անցնում մեր ճանապարհը դեպի Արմուտք, և նաև Վրաստանով է անցնում Արևմուտքի ճանապարհը դեպի մեր տարածաշրջան։ Եվ որքանով այդ ճանապարհը կլինի և կգործի անխափան, կախված է նրանից, թե որքանով կհաջողենք մենք այն հարցում, որը կապված է արդեն մեր իսկ եվրոպական մղումների հետ, մեր եվրաատլանտյան մղումների հետ։ 
«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ Հայաստանը, միանշանակորեն լինելով եվրոպական երկիր և լինելով եվրաատլանտյան տարածաշրջանում, մեր տարածաշրջանում կայուն գոյության համար պետք է նաև եվրաատլանտյան կառույցներին լիիրավ անդամակցի։ Եվ, այո, սա պայմանավորված է նրանով, թե  որքանով կհաջողի Վրաստանը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։         
Խոսելով նաև այն մասին, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա հարևան երկրում տեղի ունեցող խնդիրը, քաղաքագետն ասաց, որ դա կախված է իշխանությունների հետագա վարքից. եթե իշխանությունը շարունակի համառել, ապա մենք տեսնում ենք, որ հասարակությունը միտք չունի նահանջելու, իսկ եթե իշխանությունը կատարի իր պարտականությունը՝ արտահայտելու իրեն մանդատ տված հասարակության մղումները և հետ կանգնի իր այս՝ իրոք վնասակար գաղափարից, ապա դեպքերը կստանան ավելի հանդարտ և կառավարելի ընթացք։ 

Լիլիթ Թադևոսյան