Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ «օտարերկրյա գործակալների» պատճառով

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ «օտարերկրյա գործակալների» պատճառով
Տարածաշրջան
17:34, 15 апрель 2024
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլին կռվի է բռնվել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի հետ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Մդինարաձեն խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում, որն առաջին ընթերցմամբ քննարկել է օրինագիծը, պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանկարծ Էլիսաշվիլին վազել է նրա մոտ և ձեռքով հարվածել նրա գլխին։ Ծեծկռտուքին միացել են նաև այլ պատգամավորներ։ Հանձնաժողովի նիստն ընդմիջվել է: Անվտանգությունը ստիպված է եղել Էլիսաշվիլիին հեռացնել նիստերի դահլիճից։  

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում նաև բողոքի ակցիա է տեղի ունեցել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ։ Ցույցը տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի բակում. ցուցարարները պարզել են ԵՄ դրոշը՝ վանկարկելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման դեմ կարգախոսներ։