Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի կողմից 44-օրյա պատերազմը սկսելու թեզի մասին աշխարհում հայտարարել է ընդամենը 3 պետության ղեկավար՝ Էրդողանը, Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Խոսելով երեկ «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքի մասին՝ հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց. «Կուզենայի խոսել հատկապես հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մի թեզի մասին, թե իբր Հայաստանն է սկսել պատերազմը կամ, ինչպես ինքն է ասել, այլ հնարավորություն չի թողել Ադրբեջանին: Ես ուզում եմ շեշտել, որ դա այն թեզն է, որն Ադրբեջանը առաջ տանելու համար միջազգային հարթակներում ծախսում է միլիոնավոր դոլարներ: Եվ այդ թեզը Երևանի կենտրոնում 3700 հոգու առաջ հնչեցնելու պատճառը կամ մոտիվը ես ուղղակի չեմ կարող հասկանալ»:

Վահագն Ալեքսանյանը նկատեց, որ նա նույն բանն արել է նաև ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցներում. «Աշխարհում ընդամենը 3 նախկին կամ ներկա պետության ղեկավար կա, որ հայտարարում է, թե Հայաստանն է սկսել 44-օրյա պատերազմը՝ Էրդողանը, Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը: Սրա պարզաբանումը ինչ-որ մեկը պիտի տա՞, թե՞ չէ: Ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության դեմ նրա խոսքերը՝ որպես խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի առաջնորդի: Ադրբեջանը այդ խոսքերը շատ հստակ օգտագործելու է միջազգային հարթակներում»: