Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չպետք է վախենալ նման պրոցեսներից, ուղղակի պետք է նստել ու հաշվել՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում». Ռոբերտ Քոչարյանը դեմ չէ ՌԴ-ի հետ միութենական պետությանը և Հայաստանի անկախությունը համարում է սակարկելի

«Չպետք է վախենալ նման պրոցեսներից, ուղղակի պետք է նստել ու հաշվել՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում». Ռոբերտ Քոչարյանը դեմ չէ ՌԴ-ի հետ միութենական պետությանը և Հայաստանի անկախությունը համարում է սակարկելի
Քաղաքականություն
13:41, 17 февраль 2022
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել, որին, իհարկե, ոչ բոլոր ԶԼՄ-ներն են հնարավորություն ունեցել մասնակցելու։  

Պատասխանելով Ռուսաստանի հետ միութենական պետության մասին Լուկաշենկոյի հայտարարությանը արձագանքելու մասին հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե նման միություններից վախենալ պետք չէ: «Իմ կարծիքով՝ չպետք է սենց ապրիորի վախենալ որևէ նման ինտեգրման պրոցեսներից, ուղղակի պետք է նստել ու հաշվել՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Շատ սառը հաշվարկ պետք է ունենաս։ Դեռ այդպիսի առաջարկ չի եղել»,- հայտարարել է Քոչարյանը։ 

Նա հավելել է, որ իր հետ նման հարց իր նախագահության օրոք չի քննարկվել, և իրենք նման նախաձեռնություն չեն ցուցաբերել։ «Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և, կրկնում եմ, հաշվարկի հիմքի վրա։ Ոչ թե կենցաղային մոդելով՝ դու ինձ, ես քեզ, շատ կոնկրետ հաշվարկով՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, կամ ինչ են մեզ առաջարկում, կամ ինչ ենք մենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, չկա ընդհանրապես քննարկում, հիմա դժվար է գնահատել»։  

Ըստ Քոչարյանի՝ Ռուսաստանի հետ միութենական պետությանը միանալը կարող է գործոն դարձնել Հայաստանին։ «Եթե դու գնում ես այս տարածաշրջանում գործոն դառնալու ուղղությամբ, քո համբավը վերականգնելու և այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, պետք է լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակներում»,-ասաց նա։

Ավելին, Քոչարյանը կարծում է, որ առաջարկը պետք է հնչի հայկական կողմից. «Այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Ինքը պետք է ասի՝ այս խնդիրների լուծումը տեսնում ենք այս ճանապարհով, այդ ճանապարհի համար պետք են այս, այս, այս քայլերը...»

Ասել է թե՝ 10 տարի ՀՀ նախագահ եղած Ռոբերտ Քոչարյանը սակարկելի է համարում ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը՝ «շատ կոնկրետ հաշվարկով» համապատասխան գնի դիմաց, և ուղիղ տեքստով Ռուսաստանին առաջարկ է անում, որ եթե Հայաստանի առաջ նման հարց դրվի, ընդդիմությունը չի դիմադրի։