Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Fact-checking. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը սխալ տվյալներ է ներկայացրել, թե 2022-ին պաշտպանության գծով ծախսերը 190 մլրդ դրամով թերակատարվել են․ CivilNet

Fact-checking. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը սխալ տվյալներ է ներկայացրել, թե 2022-ին պաշտպանության գծով ծախսերը 190 մլրդ դրամով թերակատարվել են․ CivilNet
Հայաստան
13:58, 20 январь 2023
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը հունվարի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պնելով, թե 2022-ին պաշտպանության գծով ծախսերը 190 մլրդ դրամով թերակատարվել են։ Վարդանյանի ներկայացրած թիվը սխալ է։ Թեև 2022-ին Հայաստանի պաշտպանական բյուջեն ամբողջությամբ կատարվել է և անգամ նախատեսվածից ավելի շատ գումար է հատկացվել պաշտպանությանը, սակայն կատարված ծախսերն ու դրանց արդյունավետությունը լուրջ հարցեր են առաջացնում հանրության մոտ հատկապես հունվարի 19-ի ողբերգական դեպքից հետո։

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Պաշտպանության ոլորտի համար հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 մլրդ դրամը։ Այսինքն՝ նորմալ, անվտանգ զորամասեր, զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կա ամեն ինչ, անգամ կա դրա համար հատկացված գումար, բայց չկա դրա հրամանը»։

Վարդանյանը որպես ապացույց տեղադրել է կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակի ինտերակտիվ բյուջե բաժնից էկրանապատկեր (սքրինշոթ)։
Մինչդեռ, երբ բացում ենք համապատասխան բաժինը, նշված է, որ դա 2023-ի բյուջեն է, համապատասխանում են բոլոր տվյալները։
Սակայն սա չի նշանակում, որ այս թվերն արտացոլում են 2023-ի տվյալները։ Ինչպես բազմիցս խոսվել է, 2023-ին պաշտպանական բյուջեն նախատեսվել է ավելի քան 512,6 մլրդ դրամ, իսկ գծապատկերում նշված է շուրջ 367 մլրդ, որը մոտ է 2022-ի պաշտպանական բյուջեի նախնական տվյալներին։

Տվյալների անհամապատասխանությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ֆինանսների նախարարության հետ։
Գերատեսչության ներկայացուցիչները, ստուգելով e-gov.am-ի տվյալները, նշեցին, որ այդ ցուցանիշները թարմացված չեն և չեն պատկերում իրականությունը։

Աշխատակիցը նշեց, որ բյուջեի վերաբերյալ ամենաթարմ տվյալներն առկա են ֆինանսների նախարարության պաշտոնական՝ minfin.am կայքի ինտերակտիվ բյուջե բաժնի աղյուսակ հատվածում։

Այստեղ ընտրելով պաշտպանության նախարարության կողմից 2022-ին պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, պարզում ենք, որ նախորդի տարի պաշտպանության բյուջեի տարեկան ճշտված պլանը կազմել է 477,9 մլրդ դրամ։ Ծախսվել է 477,3 մլրդ-ը, այսինքն՝ կատարողականը 100 տոկոս է։


Ամբողջական նյութը այստեղ՝ civilnet.am