Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետհեղափոխական կառավարությունը ոչ թե կրճատել, այլ ավելացրել է ռազմական ծախսերը․ 168 TV-ի հյուրը սխալվում է․ fip.am

Հետհեղափոխական կառավարությունը ոչ թե կրճատել, այլ ավելացրել է ռազմական ծախսերը․ 168 TV-ի հյուրը սխալվում է․ fip.am
Հայաստան
23:34, 11 ноябрь 2022
168 TV-ի Review հաղորդման նոյեմբերի 10-ի թողարկման ընթացքում «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուն պես կրճատել է ՀՀ ռազմական ծախսերը։ 

«Էս կառավարությունը, ի սկզբանե հենց եկավ իշխանության, 25%-ով ռազմական ծախսերը կրճատեցին ու ժողովրդին ասեցին՝ տեսե՛ք, նրանք թալանում էին, մենք չենք թալանում, մենք ասֆալտ ենք քցում։ Բայց էդ բանակի փողն էր»,- ասել է Իգիթյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց ի վեր՝ 2018-2022 թվականների պետական բյուջեով պաշտպանության ոլորտին, մասնավորապես ռազմական պաշտպանությանը հատկացված ծախսերը։ 

Նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեն ընդունվել էր 2017 թվականի դեկտեմբերին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից, երբ դեռ իշխող մեծամասնությունը ՀՀԿ-ն էր, իսկ երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանը։ 

Այդ տարի ՀՀ պաշտպանության ոլորտին հատկացված ծախսերը կազմել են ընդհանուր առմամբ 247․8 մլրդ դրամ, այդ թվում՝ ռազմական պաշտպանությանը՝ 238․2 մլրդ դրամ։ 

2019 թվականի պետական բյուջեով, որն ընդունվել է արդեն Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքում, ռազմական պաշտպանությանը հատկացվել է 302․1 մլրդ դրամ, ինչը 2018 ռազմական պաշտպանության ծախսերից մոտ 27%-ով ավելի է։ 
2020-ին պաշտպանության ոլորտին հատկացված ընդհանուր ծախսերից ռազմական պաշտպանությանը բաժին է հասել 302.8 մլրդ դրամ, իսկ հետպատերազմյան 2021 թվականին՝ 306.3 մլրդ դրամ։ 

2022 թվականին պաշտպանության ոլորտին, այդ թվում՝ նաև ռազմական պաշտպանությանը հատկացվել է 340 մլրդ դրամ, իսկ 2023 թվականի բյուջեի դեռևս չհաստատված նախագծով ոլորտին հատկացվող ծախսերը գրեթե կկրկնապատկվեն՝ կազմելով 509 մլրդ  դրամ։ 
Այսպիսով, պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ ռազմական ծախսերը կրճատվել են, չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, գործող վարչապետի կառավարության հաստատած առաջին բյուջեով  ռազմական ծախսերը գերազանցել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին տարում ընդունված բյուջեով նախատեսված համապատասխան ծախսերը։ 

fip.am