Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինով ոչ մի ական չենք տեղափոխել. Ադրբեջանի կողմից ներկայացված հայկական մակնշմամբ ականները սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի սահմանների վրա հարձակման ժամանակ օկուպացրած տարածքներից հենց ադրբեջանցիներն են բերել Լաչին. Արցախի ԱԺ պատգամավոր

Լաչինով ոչ մի ական չենք տեղափոխել. Ադրբեջանի կողմից ներկայացված հայկական մակնշմամբ ականները սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի սահմանների վրա հարձակման ժամանակ օկուպացրած տարածքներից հենց ադրբեջանցիներն են բերել Լաչին. Արցախի ԱԺ պատգամավոր
Հայաստան
16:02, 20 январь 2023
Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ասուլիսում հայտնեց, որ կայացել է Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում ռուսական զորակազմի հրամանատար Ա. Վոլկովի մասնակցությամբ։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը, ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցումների համար, բայց ռազմական բեռների տեղափոխումը արգելված է։ Ռուսաստանի ԱԳ նախարարն այնուհետև հավելել էր, թե հիմա ռուս զինվորականները ուսումնասիրում են ադրբեջանցիների ներկայացրած տվյալները, թե իբր հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել, որոնք հետո օգտագործվել են ադրբեջանական դիրքերի մոտ տարածքներ ականապատելու համար, բացի դրանից, շեշտել էր, որ փոխադարձ մեղադրանքներ շատ կան։ Լավրովի ուշագրավ հայտարարությունները այսքանով չէին սահմանափակվել:  «Կարծում եմ, որ հարցը առաջիկա ժամանակում կկարգավորվի»,- այսպիսի հետաքրքրական հայտարարություն էր արել ՌԴ արտգործնախարարը։

Դրանից մի քանի ժամ հետո Արցախի ԱԽ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց, որը ամբողջությամբ ոչ միայն մոտ չէր Լավրովի լավատեսությանը, այլև հակառակն էր. Արցախից հայտարարեցին. «Հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհին կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ»։

Սակայն հետաքրքրական էր, որ ականների մասին որևէ անդրադարձ չկար հայտարարության մեջ։ 

ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը, անդրադառնալով միջանցքով ականների տեղափոխման մեղադրանքին,  մեզ հետ զրույցում կտրուկ հակադարձեց՝ ասելով, որ Ադրբեջանի բոլոր մեղադրանքներն ու փաստարկները զուրկ են հիմքից, անհեթեթություն են, սակայն, մյուս կողմից, յուրաքանչյուր ազգ ինքնապաշտպանվելու իրավունք ունի՝ հատկապես եթե հաշվի առնենք Ադրբեջանի ագրեսիվ, հակահայ թշնամական պահվածքը: Հետևաբար այդ տեսանկյունից նաև ադրբեջանական կողմի պնդումը անհիմն է ու անընդունելի: «Մենք ոչ մի ական չենք տեղափոխել: Ադրբեջանի կողմից ներկայացված հայկական մակնշմամբ ականները սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի սահմանների վրա հարձակման արդյունքում են հայտնվել նրանց ձեռքում: Հայաստանի պետական ինքնիշխան տարածքներից օկուպացրած մասերից նրանք վերցրել են ականները, Քաշաթաղի շրջանով բերել հասցրել են Եղծահող ու դեկտեմբերին նոր ցույց են տվել»,- պարզաբանում է պատգամավորը։  

Ըստ Հայրապետյանի, սակայն, այստեղ էականն այլ բան է. այսպիսով Ադրբեջանը ակնհայտորեն նպատակ ունի արդարացնել, լեգիտիմացնել իր պահանջը, որ Լաչինի միջանցքում անհրաժեշտ են տեսահսկողական սարքեր և ադրբեջանական ներկայացուցիչ՝ իբր թե հայկական կողմին թույլ չտալու զինամթերք տեղափոխել: Մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նշված չէ, որ Արցախը չպետք է պաշտպանության բանակ ունենա, այնտեղ նշված է՝ միայն հայաստանյան զինված ուժերը պետք է դուրս գան, ինչը կատարվել է: Արցախում ՀՀ զինված ուժեր չկան, դուրս են եկել: «Չկա նման բան, իսկ մենք մեր սուղ միջոներով իրավունք ունենք ինքնապաշտպանվելու, որովհետև գործ ունենք Ադրբեջանի ցեղասպանական քայլերի հետ:  Երկրորդ կարծիք չկա՝ մինչև վերջ պայքարելու ենք, չենք ցեղասպանվելու, բայց, իհարկե, այդ պայքարը պիտի լինի խելամիտ: Դա միայն զենքով չի լինում բնականաբար»,- ընդգծեց պատգամավորը: 

Այս առումով, նրա համոզմամբ, Հայաստանի, և Արցախի իշխանությունների պարտքն է հնարավորինս անցնցում, անկորուստ դուրս հանել ժողովրդին ժգնաժամային վիճակից, միայն թե հույսները չդնեն միայն արցախցիների տոկունության, դիմացկունության, ամուր ոգու վրա։

Անդրադառնալով Լավրովի խոսքին, թե ՌԴ զորակազմը հետաքննություն է իրականացնում, նա պատասխանեց. «Ակնհայտ է՝ Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածք է, և նա է ստուգում՝ այդ տեղով ռազմական բեռներ անցնո՞ւմ են, թե՞ չէ: Մնացած մասով թող Լավրովը պատասխանի»:

Պատգամավորի համար դրական էր Լավրովի կողմից բավականին հստակ կոչը, որ անմիջապես պետք է ճանապարհի շրջափակումը վերացվի: 

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի լավատեսությունը, եթե այն հակասում էր Արցախի ԱԽ-ի հայտարարությանը, Հայրապետյանը պատասխանեց, որ այս երկու հայտարարությունները չպետք է իրար հետ կապել. «Լավրովը այդպիսի բան ՌԴ դիրքերից է հայտարարում, որը բխում է իրենց պայմանավորվածություններից, իրենց նպատակներից, որի մասին մենք չենք կարող հստակ բան ասել»:

Իսկ հարցին, թե ինչ ակնկալիք ունի «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերացնելուն ուղղված և Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող ԵԽ բանաձևից, որտեղ նշված է նաև, որ հրատապ կարգով ՄԱԿ-ի մանդատին համապատասխան ԵԱՀԿ միջազգային խաղաղապահների կողմից նրանց փոխարինումը պետք է համաձայնեցվի. բանաձևով կոչ է արվում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, նա պատասխանեց, որ բանաձևերը, կոչերը կարևոր են իհարկե, սակայն էական է, թե ինչ գործիքակազմով դա պետք է իրականություն դառնա, կենսունակ լինի: «Օրինակ՝ եթե Լավրովն ասում է, որ կբացվի, նա նկատի ունի խաղաղապահների միջոցով, սակայն այս դեպքում էլ, ինչպես տեսնում ենք, վստահ չենք կարող ասել, թե արդյոք խաղաղապահները կկարողանա՞ն բացել ճանապարհը, որովհետև դա էլ կախված է այլ հանգամանքներից, այդ թվում՝ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումներից»։

Թամարա Ղազարյան