Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի պետական կառույցները տեղյակ չե՞ն, որ հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, թե՞ ռուսներն իրենք են Արցախի փոխարեն բանակցել

Արցախի պետական կառույցները տեղյակ չե՞ն, որ հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, թե՞ ռուսներն իրենք են Արցախի փոխարեն բանակցել
Քաղաքականություն
17:49, 18 январь 2023
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ երեկ թե առաջին օրը հանդիպում է տեղի ունեցել Արցախի և Հայաստանի ներկայացուցիչների միջև, որին մասնակցել է նաև ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Անդրեյ Վոլկովը։ «Կարծում եմ, որ հարցը առաջիկա ժամանակում կկարգավորվի»,- ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Լաչինի խնդրին, նշել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է նաև, թե հիմա ռուս զինվորականները ուսումնասիրում են ադրբեջանցիների ներկայացրած տվյալները, թե հայկական կողմը, խախտելով եռակողմ համաձայնությունները, այդ միջանցքով ականներ է տեղափոխել, որոնք հետո օգտագործվել են ադրբեջանական դիրքերի մոտ տարածքներ ականապատելու համար։ 

Civic.am-ը փորձեց Արցախի պետական գերատեսչություններից ճշտել՝ արդյոք կայացե՞լ է նման հանդիպում։ Եթե այո, ապա ո՞վ է մասնակցել այդ հանդիպմանը հայկական կողմից, և ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը ՌԴ ԱԳ նախարարին հույս է տվել, որ Լաչինի խնդիրը մոտ ժամանակում կկարգավորվի։

Արցախի որևէ գերատեսչությունում, սակայն, այս հանդիպման մասին տեղյակ չէին։ Արցախի արտաքին գործերի նախարարության մամուլի բաժնից Civic.am-ին ասացին, որ այդ մասին տեղեկություն չունեն, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանը ստանալուն պես այդ մասին կտեղեկացնենք նաև մեր ընթերցողին։

ԱԱԾ-ից ևս նշեցին, որ որևէ հանդիպման մասին որևէ տեղեկություն չունեն։ Նույն պատասխանը ստացանք նաև պետնախարարի աշխատակազմից։ Հորդորեցին զանգել նախագահական։ Այնտեղից, սակայն, մեր զանգերին չպատասխանեցին։

Վովա Հակոբյան