Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրի ներսում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները սրվել են՝ պատերազմի արդյունքում․ ՄԻՊ

Երկրի ներսում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները սրվել են՝ պատերազմի արդյունքում․ ՄԻՊ
Հայաստան
13:36, 30 апрель 2021
Պատերազմի ընթացքում ականտես եղանք մի շարք պատերազմական հանցագործությունների, որի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը անցել է հատուկ ռեժիմով աշխատանքի, հրապարակելով տասնյակ զեկույցներ, հաղորդագրություններ, միջնորդություններ՝ միջազգային կազմակերպություններին։ Սակայն, 2020 թվականի պատերազմը նպաստեց նաև մեր երկրի ներսում՝ մարդու իրավունքների հետ կապված, խնդիրների սրվելուն։ Այս մասին այսօր նշեց ՄԻՊ Արմեն Թաթոյանը՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

«Հայաստանի ՄԻՊ-ի աշխատակազմի փորձը ներկայումս ներդրվում է թե՛ եվրոպական,  թե՛ Միջին արևելքի մի շարք երկրներում։

Հայաստանի ՄԻՊ-ի օրինակը, անգամ միջազգային կառույցների զեկույցներում, հատուկ՝ որպես Showcase, նշված է, հատկապես, խոշտանգումների կանխարգելման բնագավառում մեր ստանդարտները», -նշեց նա։

Թաթոյանի խոսքով՝ Հայաստանի ՄԻՊ-ը ՔԿՀ-ներում աշխատանքի վերաբերյալ ունի սկզբունքներ, որոնցով ղեկավարվում է․ ՔԿՀ-ում մուտք գործող մարդուն, դատապարտվածին, առաջին իսկ օրվանից, պետք է նախապատրաստել արձակման։ Նրա համար պետք է պարզ լինի այն ճանապարհը, որով անցնելու է և որն իրեն տանելու է ազատ արձակման։

«Մենք պետք է ղեկավարվենք դատապարտյալի նկատմամաբ վստահության կանխավարկածով, ըստ այդմ, կառուցենք ամբողջ պատժի կրման համակարգը»։ 

ՄԻՊ-ը նշում է, որ կան հոգեբուժական հաստատությունների հետ կապված լուրջ մարտահրավերներ՝ հոգեբույժների քանակի հետ կապված, ինչի սուղ պակաս կա․ «Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև, ոչ միայն ընթացիք վերապատրաստումները, այլև հոգեբույժները անթույլատրելի քիչ են։ Սա օրհասական խնդիր է, րոպե առաջ պետք է զբաղվել սրանով»։

Նրա խոսքով՝ այս խնդիրն իր բացասական ազդեցությունը թողնում է ոչ միայն հոգեբուժական հաստատություններում, այլև քրեակատարողական հիմնարկներում՝ հոգեբուժական ծառայությունների վրա։

«Հոգեբուժական հաստատություններում լրջագույն խնդիր է այն, որ, օրինակ, դատական վարույթների ժամանակ՝ անհիմն ձգձգումների պատճառով, մարդիկ շարունակում են գտնվել հոգեբուժական հաստատություններում, ես կասեի, մոռացվում են այնտեղ», - նշում է պարոն Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ուղեցույցերի մշակման լուրջ խնդիրներ կան նաև առանձին դեպքերում, օրինակ, հացադուլ վարողի հետ վարվեցողության հատուկ ուղեցույցեր և այլն։

Խնդիրներ կան հոգեբուժարաններում, ՔԿՀ-ներում, ոստիկանության ձեռբակալվածների պահման վայրերում՝ աշխատողների կարգավիճակի, աշխատանքային պայմանների հետ կապված․ «Ինձ համար սա կարևոր սկզբունք է, քանի որ, եթե մենք աշխատողների համար չենք ապահովում պատշաճ պայմաններ, վարձատրություն,  և այլն, ապա շատ դժվար է ակնկալել մարդու իրավունքերի ամենաբարձր աստիճանի պաշտպանություն»։

Ըստ պարոն Թաթոյանի՝ ՔԿՀ-ներում «պացինետ և բժիշկ» ընկալման խնդիր կա։ Ազատազրկվածները համակարգում աշխատող բժիշկներին ընկալում են՝ որպես ուսադիրով մարդիկ, և բժիշկների մոտ էլ կա այդ ընկալումը, որ նրանք ազատությունից զրկված անձիք են։