Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հայ գերիների դեմ հարուցված քրեական գործերի մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հայ գերիների դեմ հարուցված քրեական գործերի մասին
Հայաստան
17:32, 30 апрель 2021
Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների հարցը Լիտվայի ԱԳ  նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը քննարկված հիմնական թեմաներից է եղել։ Այս մասին գրում է «Թուրան»-ը։

Հիշեցնենք՝ դեռևս Ադրբեջան մեկնելուց առաջ Լիտվայի ԱԳՆ ղեկավարը Երևանում հայտարարել էր, որ Բաքվում կբարձրացնի հայ գերիների հարցը և կպահանջի նրանց ազատ արձակել։ Այս հայտարարությունները, ըստ երևույթին, աննկատ չեն անցել Բաքվի կողմից, և համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարարը   անդրադարձել է այդ թեմային։

Բայրամովը մի քանի անգամ կրկնել է, որ Եվրոպայի մի շարք երկրներ երկակի ստանդարտներ են ցուցաբերում, անտեսում են Ադրբեջանի շահերն ու աջակցում Հայաստանին։

«Դա անթույլատրելի է և չի աշխատում»,- ասել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ լիտվացի պաշտոնակցին մանրամասն բացատրել է գերեվարված հայ զինվորների հետ կապված իրավիճակը։

«Ես բացատրեցի լիտվացի նախարարին իրականությունը, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո։ Մեզ մտահոգում են մի շարք հարցեր, և դրանցից մեկը Հայաստանի կողմից մեզ ներկայացվող պահանջներն են՝ ռազմագերիների հետ կապված։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ 2020թ․ նոյեմբերի 10-ից հետո անօրինական կերպով Ադրբեջան ուղարկված անձինք վնասազերծվել են Ադրբեջանի անվտանգային ուժերի գործողության արդյունքում։ 62 մարդ ձերբակալվել է։ Այդ անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քննությունը շարունակվում է,  նրանց գործողություններին տրվելու է Ադրբեջանի օրենքներին համապատասխան գնահատական»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերի 16-ին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվել են Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են հետ վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Մնացյալ 54 գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Աղբյուր՝ factor.am