Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կոյուղագծերի անցկացման մեծածավալ աշխատանքներ․ ինչու են քանդված Ծաղկաձորի փողոցները վերջին ամիսներին

Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կոյուղագծերի անցկացման մեծածավալ աշխատանքներ․ ինչու են քանդված Ծաղկաձորի փողոցները վերջին ամիսներին
Հայաստան
18:03, 03 апрель 2023
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի բոլոր փողոցներում այս պահին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են կոյուղագծերի վերականգնման և նոր կոյուղագծեր անցկացնելու աշխատանքներ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ծաղկաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի առաջին կարգի մասնագետ Գոռ Առաքելյանը՝ ի պատասխան մեր դիտարկմանը, որ տուրիստական կենտրոն համարվող Ծաղկաձոր քաղաքում փողոցները վերջին ամիսներին քանդված են։ 

«Ծաղկաձորում երևի ստեղծման օրվանից նորմալ կոյուղի չի եղել։ Առաջ մի տեղ եղել է, մի տեղ ընդհանրապես չի եղել, մի տեղ գնացել գետն է  թափվել։ Հիմա միացնում ենք կոլեկտորին, որ աղտոտում չունենանք։  Այսինքն՝ աշխատանք ենք կատարում, որը որ այսօր բնակչությանն օգտակար է։ Կոյուղու տրամագծերը փոքր են եղել, մեծացրել ենք։ Հիմա Ծաղկաձորում նաև շինարարություն է գնում, հյուրանոցներ են սարքվում, մենք պետք է այնպես անենք, որ կարողանանք այդ ծավալում տեղավորենք, և որպեսզի կոյուղագծերը ճիշտ աշխատեն»,- ասաց Գոռ Առաքելյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ աշխատանքները սկսվել են աշնանը, և ցուրտ, անձրևային եղանակը, ձյան տեղումները խանգարել են, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթանային։

«Մեզ համար իհարկե ցանկալի կլիներ մինչև զբոսաշրջային սեզոնի սկսվելը աշխատանքներն ավարտված լինեին, որպեսզի դժգոհություններ չլինեն, բայց մենք աշխատանքները ճիշտ ենք կազմակերպում, որպեսզի այնպես չլինի, որ այսօր սարքենք, վաղը քանդվի։ Բացի դրանից, մինչև կոյուղագծերի աշխատանքները չավարտվեն, ասֆալտապատում չեն կարող իրականացնել»,- ասաց Գոռ Առաքելյանը։

Ի հավելումն նա ասաց, որ աշխատանքներն այնպես են իրականացնում, որ Ծաղկաձորում երթևեկությանը հնարավորինս չխանգարեն։ 

Լիլիթ Թադևոսյան