Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են

Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են
Հայաստան
17:15, 24 апрель 2023
Ավելի քան չորս ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը երեկ անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, Արցախը Հայաստանին կապող սահմանագծում՝ Հակարիի կամրջի վրա։

Մինչ ադրբեջանցիները շարունակում են հաստատվել այդ հատվածում, ռուսական խաղաղապահ զորակազմը զուգահեռ բանակցում է նրանց հետ՝ ճանապարհը բացելու նապատակով։

Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահին էլ բանակցությունները շարունակվում են, բայց առայժմ անարդյունք. - «Բանակցությունները շարունակվում են, վարվում են։ Դեռևս որևէ արդյունք չկա այս պահի դրությամբ»։

Լաչինի միջանցքը, նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

Հարցին, թե ինչու երեկ, երբ ադրբեջանցիները բեռնատար ու ռազմական մեքենաներով փակում էին Հակարիի կամուրջը, հարևանությամբ տեղակայված ռուս խաղաղապահները չեն կանխել նրանց գործողությունները, Արթուր Հարությունյանը պատասխանեց, թե միանշանակ պնդել չի կարող, բայց, իր ունեցած տեղեկություններով, ռուսները փորձել են խոչընդոտել, բայց ապարդյուն. - «Դա տեղեկությունը ա, որը ես լսելով ասում, չեմ կարող դա ոչ հաստատել, ոչ հերքել... ուղղակի լսելով գիտեմ, որ խոչընդտոել է եղել, որոշակի բաներ եղել է, բայց արդյունքում էդ տեխնիկաները հայտնվել են Լաչինի միջանցքում»։

Պաշտոնական Ստեփանակերտն այսօր տարածած հայտարարության մեջ շեշտել է. - «Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողությունը փոխանցել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմին։ Հետևաբար Ստեփանակերտն ակնկալում է ինչպես միջազգային հանրությունից, այնպես էլ եռակողմ հայտարարության կողմերից և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր Ռուսաստանից, միանշանակ արձագանք ու գործուն քայլեր՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու և Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում նույնպես Արցախի իշխանությունները դիմել են նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին՝ անհապաղ քայլեր իրականացնելու կոչով։

Պաշտոնական Ստեփանակերտը նաև զգուշացրել է՝ քայլերի բացակայությունը «թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։

Ի՞նչ քայլեր մասին է խոսքը։ Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարն ասաց, թե այս պահին չի ցանկանում փակագծեր բացել, բայց Արթուր Հարությունյանի խոսքով, արցախցիները ինքնորոշման իրավունքից չեն հրաժարվելու. - «Եվ եթե փորձեր լինի ուժի կիրառմամբ, կամ բռնի տեղահանմամբ, կամ այլ ձևով էթնիկ զտումներ իրականացնելու, մենք պայքարելու ենք դրա դիմաց»։

Մինչ ռուսները բանակցում են այս անգամ էլ Հակարիի կամուրջը բացելու շուրջ՝ Հայաստանից և Արցախից լիակատար կտրված չորս համայնքներում՝ Հին Շենում, Մեծ Շենում, Եղցահողում ու Լիսագորում, փորձում են հասկանալ, թե ինչպես են առաջիկայում գոյատևելու. - «Վիճակը անտանելի ա, ավելի վատ, քան եղել ա»։

Արցախի Շուշիի շրջանի չորս գյուղերը երեկվանից հայտնվել են շրջափակման օղակում։ Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը զրկեց այս համայնքներին նաև Հայաստանի հետ կապից։ Անցած տարվա դեկտեմեբերին փակելով Լաչինի միջանցքը Շուշիի հատվածում՝ Ադրբեջանը կտրել էր այս համայնքների կապը Ստեփանակերտի հետ։

Եթե պարենի հետ կապված խնդիրներ գոնե առաջիկա օրերին այս համայնքներում չեն ծագի, ապա շտապ բուժօգնության կարիքի դեպքում, մարդիկ չեն կարող հասնել ո'չ Ստեփանակերտ, ո'չ Գորիս։

azatutyun.am