Քաղաքացիակենտրոն
լրատվություն

27 տոկոս կամ 40 000 տեղահանված բնակչությունը ահռելի մեծ հումանիտար աղետ է Արցախի նման փոքր պետության համար․ 40 000-ից մոտ 80 տոկոսը բռնագաղթել են ռազմական գործողությունների ուղիղ հետևանքով, մնացածը՝ ուժի սպառնալիքի

«2020թ․ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի հետեւանքով Արցախի՝ տվյալ պահի բնակչության շուրջ 27 տոկոսը բռնի տեղահանվել է՝ մոտ 40 հազար մարդ»,- այս մասին այսօր Երեւանում հրավիրված հայ փախստականների համաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ իր կողմից բերվելիք տվյալները նախնական են եւ դեռեւս վերջնականացված չեն։  «27 տոկոսը ահռելի մեծ հումանիտար աղետ է փոքր պետության համար եւ աշխարհում շատ քիչ դեպքեր կարելի է գտնել պատմության ընթացքում, որ որեւէ երկրի  բնակչության 27 տոկոսը տեղահանվում է նման կարճաժամկետ ժամանակահատվածում։ Տեղահանման պատճառը ընդհանուր ագրեսիվ գործողությունները, պատերազմն է եղել, սակայն պետք է նշենք, որ բուն այս պատերազմը եղել է մարդկության դեմ հանցագործություն, ցեղասպանական գործողություն, որի հետեւանքը եղել է 40 հազար մարդու հայրենազրկումը հոգեւոր-մշակութային ժառանգության կորուստը»։

Բեգլարյանը նշեց, որ տեղահանված լինելու հանգամանքը արձանագրել են տարբեր սոցիալական-հումանիտար  ծրագրերի շրջանակներում եւ ՀՀ եւ ԱՀ պետական մարմինների կողմից սոցծրագրերի որոշակի չափանիշներ են սահմանվել, թե ովքեր կարող են շահառու հանդիսանալ։ «Երբ ասում ենք՝ մարդիկ տեղահանված են, այդ շահառուներին նկատի ունենք, քանի որ առ այսօր կարգավիճակ չի տրամադրվել ֆորմալ, իրավական բազայի որոշակի խնդիրներ ունենք Արցախի Հանրապետությունում եւ, բնականաբար, ՀՀ-ում։ Հույս ունեմ, որ առաջիկայում այդ հարցերը կլուծվեն»։

Բեգլարյանը նշեց, որ երբ ինքը  պետական նախարար էր, նախաձեռնվել էր հարկադիր կամ  բռնի տեղահանված անձանց վերաբերյալ  համապատասխան օրենքի նախագծի մշակում, որոշակի հանրային եւ փորձագիտական  քննարկում անցնելուց հետո  նախագծի վերջնական տարբերակը  պատրաստ էր 2022 թ․ աշնանը, սակայն երբ ինքը ազատվեց պետնախարարի պաշտոնից, ապաեւ՝ Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ի հայտ եկավ Արցախի շրջափակումը, նախագծի ընդունման գործընթացը որոշակիորեն կասեցվեց։ Բեգլարյանը հույս հայտնեց, որ առաջիկայում կվերաթարմացվի գործընթացը, կընդունվի օրենքն ու դրանից բխող իրավական այլ ակտեր, եւ ըստ այդմ մարդկանց կտրվի իրավական կարգավիճակ։ Չափանիշները նշված կլինեն օրենքում։ 

Ըստ նախկին նախարարի՝ 40 հազար անձ տեղահանվել է 136 օկուպացված համայնքից եւ 221 օկուպացված բնակավայրից՝ չհաշված Թաղավարդը, որը կիսով չափ է օկուպացվել։ «Բռնի տեղահանվածներին կարելի է բաժանել մի քանի պայմանական խմբի։ Անմիջական պատճառի չափանիշ․ սա նշանակում է՝  ռազմական գործողությունների ընթացքում կամ ուժի սպառնալիքի կիրառման հետեւանքով տեղահանում։ Սա նշանակում է՝ 2020 թ․սեպտեմբերի 27-ից  մինչեւ նոյեմբերի 9-ը բռնազավթված բնակավայրերի, ինչպես նաեւ Խծաբերդի, Հին թաղերի, Փառուխի տեղահանված անձինք են այս ենթախմբի մեջ մտնում։ Իսկ մնացածը, որոնք նոյեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ուժի սպառնալիքի կիրառման հետեւանքով հանձնված բնակավայրերի բնակիչներ են՝ Շահումյանի շրջան՝ չհաշված Չարեքթար եւ Ակնաբերդ համայնքները, Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածը, հետագայում նաեւ՝ Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Քարեգա համայնքերը։ 40 հազարից մոտ 80 տոկոսը բռնագաղթել են ռազմական գործողությունների ուղիղ հետեւանքով, իսկ մնացածը ուժի սպառնալիքի հետեւանքով»,- նշեց նախկին նախարարը։