Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքե՞ր կարող էին ՀՀ-ում հովանավորել թմրանյութի բիզնեսը․ որոշ շրջանակների կողմից սլաքները քաղաքական իշխանության վրա թեքելու փորձերը իրական հանցագործներից ուշադրությունը շեղելու չմտադրված քայլեր են

Ովքե՞ր կարող էին ՀՀ-ում հովանավորել թմրանյութի բիզնեսը․ որոշ շրջանակների կողմից սլաքները քաղաքական իշխանության վրա թեքելու փորձերը իրական հանցագործներից ուշադրությունը շեղելու չմտադրված քայլեր են
Հայաստան
19:00, 17 май 2023
Երեկ իտալական լրատվամիջոցները լուր տարածեցին, որ Կալաբրիայի հարավային շրջանում գտնվող իտալական Ջոյա Տաուրո քաղաքի մաքսավորները առգրավել են 2,7 տոննա կոկաին, որը նախատեսվում էր Հայաստան տեղափոխել Վրաստանի Բաթումի նավահանգստով։

Իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնում է, որ կոկաինով փաթեթները թաքցվել են Էկվադորից Իտալիա տեղափոխված 78 տոննա բանանի արկղերի մեջ և պետք է ուղարկվեին Հայաստան։ Սև շուկայում 2,7 տոննա կոկաինի արժեքը կազմում է մոտ 800 միլիոն եվրո։

Այսօր էլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Ամենայն հավանականությամբ, այս 2 դեպքերը փոխկապկցված են, թեև ԱԱԾ-ն չի շտապում նման եզրահանգում անել։ 

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, մեկնաբանելով այս լուրը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում, նշել է, որ պետական համակարգի որոշ լուրջ պաշտոնյաներ պետք է որ ներգրավված լինեն դրանում, որովհետև նման քանակի թմրամիջոց հնարավոր չէ տեղափոխել «առանց իշխանության ղեկավար կազմի հովանավորության»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ավելի հեռու է գնացել՝ Իտալիայում հայտնաբերված թմրանյութի խմբաքանակի ուղիղ պատասխանատու նշանակելով ՀՀ գործող իշխանությանը․ «Կոկաինի այս ահռելի չափաբաժինը հասկանալի է՝ ամբողջությամբ Հայաստանում չէր իրացվելու, բայց այս փաստը ևս մեկ անգամ հուշում է, որ տեղին են բոլոր այն մտահոգությունները, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչության կամ ուղիղ մասնակցության այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա»։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ո՞ր օղակում կարող են են գտնվել պաշտոնյաները, որոնք կարող էին գործին քավոր կանգնել և ե՞րբ են սկսել իրենց գործունեությունը։

Սա առաջին դեպքը չէ, որ այս քանակի թմրանյութ է տեղափոխվում Հայաստան։ 2014 թվականի հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը ՀՀ ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է մոտ 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց: Մոտ 1 տոննա հերոինը փորձ էր արվել փոխադրել փայտանյութ տեղափոխող բեռնատարի միջոցով։

Դեպքից հետո ձերբակալվել էին բեռնատարի վարորդը՝ Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին, և բեռնափոխադրող ընկերության տնօրեն, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն։ Վերջիններս դատապարտվել են համապատասխանաբար 17 և 19 տարվա ազատազրկման։

Բացի այս երկուսից, այլ անձինք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին՝ առավել ևս հայ պաշտոնյաներ։ Ակնհայտ է, որ այն ժամանակ ևս գործին կարող էին խառնված լինել հայ պաշտոնյաներ։  

Տրամաբանությունը հուշում է, որ այդ պաշտոնյաները պաշտոն են զբաղեցնում առնվազն սկսած 2014-ից մինչ օրս, կամ իրենց փոխարինողները ժառանգել են նախորդների «իրավասությունները»։ 

Այս անգամ թմրանյութը Հայաստան էր տեղափոխվելու բանանի արկղերով։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ գործին կարող են խառնված լինել Հայաստան բանան ներկրողները։ Իսկ ովքե՞ր էին Հայաստանում բանան ներկրելու մենաշնորհ ունեցողները, ովքեր 2018-ից հետո այլևս մենաշնորհ չունեն, սակայն դեռ զբաղվում են բանանի ներկրմամբ։ Եվ ինչո՞ւ էր, բացի բենզինի և այդօրինակ սպեցիֆիկ ապրանքների հետ մեկտեղ սննդամթերքից, հենց բանանը մոնոպոլ շուկա համարվում։ Ավելին՝ այն անձինք, ովքեր կհամարձակվեին Հայաստան բանան ներմուծել, անմիջապես բազմաթիվ խնդիրների առջև էին կանգնում. կա՛մ ընդհանրապես չէին թողնում ապրանքը անցկացնել սահմանով, կա՛մ արդեն Հայաստանի ներսում էին խնդիրների բախվում։ Օրինակ՝ 2017 թվականին հարձակում էր կատարվել Հայաստան բանան ներկրող Վահրամ Միրաքյանին պատկանող ընկերության պահեստների վրա:

Եվ եկեք նայենք թմրանյութի հետագիծը՝ Էկվադոր, Իտալիա, Պանամա, Հայաստան։ Բանանի ներկրման մենաշնորհը Հայաստանում ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանին էր պատկանում, որը հիմա անցնում է քրեական գործով և գտնվում է Ռուսաստանում: Հիշենք նաև, որ Միհրան Պողոսյանը հայտնվել էր Պանամայում գտնվող օֆշորային սկանդալի կենտրոնում։ Ինչպես կասեր դասականը՝ «Совпадение? Не думаю»։

Ակնհայտ է, որ ինչ-որ շրջանակներ Հայաստանում հովանավորում են այդ բիզնեսը՝ անկախ քաղաքական իշխանության ով լինելուց, և որոշ շրջանակների կողմից սլաքները քաղաքական իշխանության վրա թեքելու փորձերը ոչ այլ ինչ են, քան իրական հանցագործներից ուշադրությունը շեղելու չմտադրված քայլեր։

Վովա Հակոբյան