Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը Ադրբեջանի հարձակումների ժամանակ կասի՝ այո՛, կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ․ վարչապետ

«Ինչու՞ 86․600 և ինչու՞ 29․800 քառ կմ։ Հաջորդ հարցը գալիս է այն հարցը, թե իսկ ո՞րն է այն տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում ենք։ Ադրբեջանը ունի շատ հստակ խոսույթ և ասում է՝ եթե դուք չեք ճանաչում մեր տարածքային ամբոջականությունը, ապա մենք էլ ձեր տարածքային ամբոջականությունը չենք ճանաչում։ Այսինքն, ասում են, եթե դուք չեք ճանաչում, որ Ադրբեջանը 86,6 հազ քառ կմ է, ապա մենք էլ չենք ճանաչում, որ Հայաստանը 29,8 հազ քառ կմ է, և սա տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ։ Եվ երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է Հայաստանի Հանրապետության վրա ու միջազգային հանրության հետ երկխոսություն ենք ունենում, Ադրբեջանն ասում է՝ Հայաստանն էլ մեր տարածքային ամբոջականությունը չի ճանաչում և մեր վրա է հարձակվում։ Մեր պատկերացումն ի՞նչ է, որ հա՛, մենք Ադրբեջանի տարածքային ամբոջականությունը չենք ճանաչի, ենթադրենք, և եթե նա հարձակվի մեր վրա, ապա ՀԱՊԿ-ը կգա մեր կողքը կանգնի։ ՀԱՊԿ-ն էլ էդ հարձակումների ժամանակ ասում է՝ այո՛, կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ», - ասաց վարչապետն ու ավելացրեց, որ այո՛, կարող ենք ասել, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86,600 քառ կմ-ը, և մեր կարծիքով Ադրբեջանը ոչ թե 86,600 քառ կմ է, այլ 45,700 քառ կմ է։ Իրենք էլ, ըստ վարչապետի, կարող են ասել, որ Հայաստանը ոչ թե 29800 քառ կմ է, այլ 8700 քառ կմ։ «Ես, այո՛, այս ամբիոնից վերահաստատում եմ, որ ՀՀ-ն վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազ քառ կմ-ը և ակնկալում եմ, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29,8 հազար կմ-ն», - ասաց վարչապետը։ 

Իսկ ո՞րն է Ադրբեջանի մոտեցումները քարտեզների առումով։ Հարցին  ի պատասխան, վարչապետ Փաշինյանը նշեց, որ տարածքային ամբոջականության ճանաչումից հետո կա ևս մեկ քայլ․ պետք է որոշել, թե ո՞ր քարտեզն է, որ արտացոլում է այդ քառակուսի կիլոմետրերը։ «Էստեղ մենք պետք վերցնենք Սովետական միության քարտեզները։ Մեր դիրքորոշումն է, որ հիմք պետք է ծառայեն 1975 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները։ Եվ պիտի ասեմ, որ հիմա արդեն, կամաց-կամաց միջազգային այլ գործընկերներ ևս սկսում են այդ խոսույթը որդեգրել և օգտագործել, ինչը ես համարում եմ շատ կարևոր», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։