Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ մենք առավոտից իրիկուն մտածում ենք, թե ո՞նց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դավաճանաբար ճանաչենք․ մեր դարդը մեր տարածքային ամբողջականությունն է․ Փաշինյան

Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ մենք առավոտից իրիկուն մտածում ենք, թե ո՞նց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դավաճանաբար ճանաչենք․ մեր դարդը մեր տարածքային ամբողջականությունն է․ Փաշինյան
Քաղաքականություն
19:49, 03 май 2023
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հիշեցրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկի մասին, որով ռուսական կողմն առաջարկել էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել անորոշ ապագային։ Նաև նկատեց, որ ընդդիմությունն ասում է, որ երբ Հայաստանը համաձայնել է թե՛ ռուսական առաջարկների հետ, թե՛ արևմտյան, այդպիսով ստացվել է, որ ռուսական առաջարկները մերժվել են, քանի որ այդ երկու առաջարկները հակասել են միմյանց։

Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը Արևմուտքից ոչ մի առաջարկ չի ստացել։ «Պրահայի հարթակում մենք վերահաստատել ենք տարածքային ամբողջականության դրույթը։ Սկզբունքորեն չի էլ եղել, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Այդտեղ ես հակասություն չեմ տեսնում»։

 Փաշինյանը նշեց, որ ռուսական առաջարկները իրենք չեն մերժել, տարածքային ամբողջականության սկզբունքն էլ միշտ ընդունված է եղել։ «Մադրիդյան սկզբունքներով տարածքային ամբողջականության սկզբունքը ՀՀ-ն ընդունել է։ Ինքնորոշման պրոբլեմատիկան էլ մենք անընդհատ ասում ենք։ Մեծ աղմուկ է բարձրացվում, որտեղ դետալների մասին խոսակցություն չի գնում։ Վերնագրային խոսակցություն է գնում, որտեղ տեքստերը կորում են։ Էությունը մանրամասների մեջ է», - ասաց վարչապետը։

Փաշինյանը նկատեց նաև, որ որևէ նոր բան չի ասվել, այլ հարց է, որ ամեն ինչի մասին իրենք խոսում են ավելի դետալացված։ «Երբ ասում ենք ինքնորոշում, ասում ենք՝ եկեք հասկանանք դա դետալացված ինչ է նշանակում։ Երբ ասում ենք անջատում հանուն փրկության, ասում ենք՝ եկեք հասկանանք ինչ է դա նշանակում։ Ասում են՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այո՛, ճանաչել է։ Որովհետև եթե մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, իրենք էլ մերը չեն ճանաչում։ Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ մենք առավոտից իրիկուն քնում, արթնանում ենք ու մտածում, թե ո՞նց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դավաճանաբար ճանաչենք։ Մեր դարդը մեր տարածքային ամբողջականությունն է», - ասաց վարչապետը։