Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ 86,600 ք/կմ-ն ներառում է նաև ԼՂ-ն, բայց մենք ասում ենք, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․ վարչապետ

«Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրենք, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»,- այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 

«86,600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել և մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Եթե այս հարցում Ադրբեջանի հետ իրար ճիշտ ենք հասկանում՝ Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կիլոմետր տարածքը։ 

Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով, և կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը»,-ասաց վարչապետն ընդգծելով, որ երաշխիքներն անհրաժեշտ են, որպեսզի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության չմատնվի և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը․ «Հետևաբար կարևոր ենք համարում լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»,-ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում