Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ՝ նոր ատոմակայան կառուցելու թեմայով․ առաջիկայում պատվիրակություն կմեկնի ԱՄՆ՝ ծանոթանալու մոդուլային տիպի ատոմակայանների հնարավորությանը

Այսօր ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել։ Թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ Հայաստանի ատոմակայանը ժամկետ ունի և որոշակի ժամկետից հետո, ցավոք, պետք է դադարեցնի աշխատանքները։ Հայաստանը բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ, նոր ատոմակայան կառուցելու թեմայով։ Հայաստանը դիտարկում է, թե տարբեր տեսանկյուններից որն է ավելի շահավետ։ «Առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի Միացյալ Նահանգներ, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանա այդ մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորությանը», - ասաց վարչապետը։

Մոդուլայինների տարբերությունն, ըստ վարչապետի այն է, որ կարելի է մեկ մոդուլ կառուցել, հետո երկրորդը և հնարավորինս, ժամանակի ընթացքում մեծացնել։ «Ասենք կառուցում ենք 70 մեգավատանոց, հետո կտորներով մեծացնում ենք։ Էսօրվա մեր ատոմակայանը 400 մեգավատանոց է։ Մյուս առաջարկները մեզ համար խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատանոց տարբերակ են առաջարկում։ Մեր մասնագետներն ասում են, որ մեր էներգետիկ համակարգում դա տեղավորելու հետ կապված հարցեր կան։ Իհարկե, մոդուլայինի հետ կապված հարցեր էլ կան, պետք է դիտարկենք, թե որն է ավելի արդյունավետ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց նաև, որ Հայաստանը իր բոլոր գործընկերներին տեղեկացրել է այս բոլոր քննարկումների մասին։  

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը արձագանքելով նաև Արցախի իշխանությունների՝ Բաքվի հետ երկխոսելու պատրաստակամության մասին հարցնելով՝ արդյո՞ք վարչապետը տպավորություն ստացել է, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ չեն բանակցել Բաքվի հետ և ուզում են Հայաստանին ասել, թե ինչպես պետք է բանակցել, բայց իրենք չբանակցեն։

Ի պատասխան վարչապետը կարծիք հայտնեց, որ երկխոսելը ճիշտ ճանապարհ է, մյուս կողմից էլ, ըստ վարչապետի, գուցե Ստեփանակերտի ռեակցիան կապված է նրա հետ, որ Արցախի իշխանությունները կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը։