Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2025-ից Հայաստանը պետք է սկսի նոր ատոմային բլոկի կառուցման աշխատանքները, որը կտևի 7-8 տարի․ Արա Մարջանյան

2025-ից Հայաստանը պետք է սկսի նոր ատոմային բլոկի կառուցման աշխատանքները, որը կտևի 7-8 տարի․ Արա Մարջանյան
Տնտեսություն
15:34, 08 апрель 2021
Civic.am-ի զրուցակիցն է Եվրամիության տրանսպորտի գծով, Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ 

Պրն Մարջանյան, երեկ՝ Մոսկվայում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կարևորեց նաև նոր ատոմակայանի աշխատանքների ձեռնարկման հարցը։ Այսինքն մենք շահագրգռվա՞ծ ենք, որ նոր ատոմակայանի աշխատանքներին  Ռուսաստանը մասնակցություն ունենա։ 

Նախ պետք ասել, որ սա չափազանց ողջունելի փաստ էր՝ նոր ատոմակայանի հիշատակումը այս աստիճան բարձր մակարդակի հանդիպման ընթացքում։ Հայաստանում ներկայումս շահագործվող ատոմային ռեակտորը՝ դա ռուսական «բևեեռ» տիպի ռեակտոր է, որը ապացուցեց իր հուսալի շահագործումը առնվազն 50 տարի։ Ռուսաստանը այս տիպի ռեակտորներով աշխարհի առաջատար երկիրն է՝ բավական հարուստ փորձառությամբ, այսպիսի ռեակտորներ շահագործվում են աշխարհի շատ երկրներում։       

ՀՀ - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսվում է ապագործարկել Մեծամորի ատոմակայանը։ Ըստ համաձայնագրի որքա՞ն ժամանակ է նախատեսված ատոմակայանը փակելու համար։ 

Համաձայնագիրը, որը մենք կնքել ենք Եվրամիության հետ իրականում կոչվում է համապարփակ համագործակցություն՝ Հայաստանի, Եվրամիության և «Եվրոատոմ» կազմակերպության հետ։ Այս համաձայնագրի 42-րդ հոդվածը նախանշում է, որ Հայաստանի ատոմակայնը պետք է փակվի, բայց ժամկետներ չի նախանշում։ Այս հոդվածում պնդում կա, որ մեր գործող ատոմակայանը պետք է փոխարինվի համարժեք հզորությամբ ատոմակայանով։ Իսկ մեկնաբանությունները, թե ո՞ր հզորությունները կարող են համարժեք լինել դա այլ խնդիր է։ 

Հնարավո՞ր է ատոմակայանը փոխորինել այլ կայաններով՝ օրինակ արևային կայաններով։ 

Արեգակնային կայանները՝ ատոմակայանին համարժեք հզորություն չեն հանդիսանում, քանի որ ունակ չեն երաշխավորել իրենց հզորությունը։ Ատոմակայանը համարժեքորեն կարող է փոխարինվել միայն նոր ատոմակայանով կամ նոր խոշոր ՀԷԿ-ով։ Սակայն վերջին տարբերակի համար Հայաստանը աշխարհագրական և հիդրոգրաֆիկ հնարավորություն չունի։ Եթե օրինակ՝ Հայաստանը ձեռնամուխ լինի փոխարինել գործող ատոմային բլոկը ևս մեկ գազով աշխատող խոշոր ՋԷԿ-ով, որը նույնպես երաշխավորված հզորության աղբյուր է, ապա այս դեպքում Հայաստանը կմեծացնի իր կախվածությունը ներկրվող գազից։ Այսինքն Հայաստանը 24 ժամ օրական և 365 օր տարեկան կլինի կախվածության մեջ ներկրվող վառելիքից։ Հետևաբար Հայաստանում գործող ատոմային բլոկին կարող է համարժեք հանդիսանալ միայն նոր տաոմային բլոկը։ Իսկ մեր ատոմակայանը վաղ թե ուշ պետք է հանվի շահագործումից, մենք խոսում ենք ատոմակայանի երկրորդ բլոկի մասին, որը ներկայումս շահագործվում է։

Ատոմակայանից մեր ստացած օգուտը ինչպե՞ս է գնահատվում։

Օգուտներն անմիջական են, նախ չմոռանանք, որ ներկայումս աշխատող բլոկը երաշխավորում է տարեկան կտրվածքով մեր էլեկտրաէներգիայի առնվազն 35-40 տոկոսը։ Բացի դրանից երաշխավորում է ավելի քան 60 տոկոսը մեր համակարգի երաշխավորված հզորության, ինչը նույնիսկ ավելի գնահատելի և կարոևր հանգամանք է։ Կան նաև ոչ ուղղակի օգուտներ ատոմակայանի առկայության համար։ Ատոմակայանի առկայությունը՝ դա երկրի գիտատեխնոլոգիական  և արդյունաբերական ստատուսի խոսուն սիմվոլն է, նշանակում է երկիրն ունակ է կառուցել և շահագործել այդչափ բարդ ու պատասխանատու օբյեկտ։ Ատոմակայանի առկայությունը նշանակում է, որ երկիրը պետք է պատրաստի բավական լայն սպեկտրի բարձր որակավորում ունեցող անձնակազմ և այլն։ 

Մենք պետք է փակենք Մեծամորի ատոմակայանը հետո՞ սկսենք նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, թե՞ հնրավոր է զուգահեռ աշախատանքներ տանել։

Խելամիտ մոտեցում է զուգահեռ աշխատանքներ տանելը։ Ներկայումս ընթանում է գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված աշխատանքներ։ Այդ պատճառով այս տարի ատոմակայանում նախատեսված են հսկայածավալ աշխատանքներ, հույսով եմ որ այդ աշխատանքները կավարտվեն այս տարի և մեր գործող բլոկը կշահագործվի մինչև 2026թ․-ից էլ անց՝ ևս տասը տարի։ Եվ 2025-2026թթ․-ից Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի արդեն նոր ատոմային բլոկի կառուցման աշխատանքներին։ Մինչ կառուցողական աշախատանքները տևում են սովորաբար 1-2 տարի, դրան գումարած նոր ատոմային բլոկի կառուցումը կտևի 5-6 տարի, այսինքն մենք խոսում ենք 7-8 տարի ժամանակի մասին։ 

Նոր ատոմակայանի կառուցման համար Հայաստանի ո՞ր մարզն է նախընտրելի, կրկին Արմավիրի մարզում՝ Մեծամորում կառուցելը ճի՞շտ մոտեցում է։     

Մոտեցումները տարբեր են, անձամբ ես հակված եմ դիտարկել Մեծամորը՝ մի քանի հանգամաներից ելնելով։ Անցած տասնամյակաների՝ 60-ականների վերջի և 70-ականների կեսերի փորձը ցույց տվեց, որ Մեծամորի հարթակը ընտրված է շատ ճիշտ՝ այն գտնվում է բազալտի մեծ բարձիկի վրա և ենթակա չէ սեյսմիկ մեծ ներազդեցություններին։ Նոր հարթակի ընտրությունը բավական երակարաժամկետ աշխատանք է, առնվազն տարուց ավել աշխատանք կպահանջի։

Հաշվի առնելով, որ համաձայնագիրը կնքված է նաև «Եվրոատոմ»  կազմակերպության հետ, դա նշանակում է, որ «Եվրոատոմը» և՞ս պետք է մասնակցի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներին։ 

Ոչ դա չի նշանակում, որ անպայմանորեն պետք է մասնակցի, բայց չի էլ հերքում այդպիսի մասնակցությունը։ Այստեղ ռիսկը հետևյալն է՝ մինչ այս թվականի մարտի 1-ը գոյություն ուներ միայն մեկ պրոֆեսիոնալ կազմակերպություն, որը ունակ էր և իրավասու էր Հայաստանի ատոմակայանի մասին տալ պրոֆեսիոնալ գնահատականներ՝ դա «ՄԱԳԱՏԷ»-ն էր՝ ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը։ Հիմա այդ գործակալությանը միանում է ևս մեկ կազմակերպություն, իսկ ավելի ճիշտ՝ այդ կազմակերպության 28 անդամներ, որոնք կարող են Հայաստանի ատոմակայանի մասին այս կամ այն պնդումներն անել՝ խափանել, դանդաղեցնել կամ ընդհակառակը՝ օժանդակել մեր ատոմակայանի հետ կապված ծրագրերին։ Եթե մինչ այս տարվա մարտի 1-ը միայն «ՄԱԳԱՏԷ»-ն կարող էր իրավասու կարծիքներ հայտնել հայկական ատոմակայնի հետ կապված, ապա այժմ մենք ունենք ևս 28 կազմակերպություն՝ «Եվրոատոմ» կազմակերպությունների երկրների թվի չափով։  

Մեր հարևան երկրներն իրենց ատոմակայանների կառուցման ու գործարկման հարցերում ո՞ր երկրների հետ են համագործակցում։

Թուրքիան տասնամյակներ երազում էր ատոմակայանի մասին, և հիմա Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է «Ակույու» կոչվող ատոմակայան, որի դրվածքային հզորությունը ավելին է, քան ողջ Հայաստանի էներգետիկ համակարգի դրվածքային հզորությունը, այսինքն դա բավական խոշոր ատոմակայան կլինի։ Տարածաշրջանում՝ Հայաստանից բացի, ատոմակայն ունի նաև Իրանը, որը նույնպես կառուցվեց Ռուսաստանի օգնությամբ՝ Բուշերի ատոմակայանը։ Իրանը ևս 40 տարի երազում էր ատոմակայան ունենալու մասին և վերջապես ունեցավ։ Տարածաշրջանում Հայաստանը առաջին երկիրն էր, որ ատոմակայան ուներ։ Իսկ Ադրբեջանը սկսած դեռ 2000-ականների սկզբից հետևողականորեն ջանում է առաջ մղել իր ատոմային էներգետիկ նկրտումները․ նա 2005թ․ «ՄԱԳԱՏԷ» ներկայացրեց իր միջնորդությունը՝ Ադրբեջանում հետազոտական ատոմային ռեակտոր ստեղծելու ուղղությամբ, նաև հայտնի են Ադրբեջանի ջանքերն իր տարածքում Ռուսաստանի օժանդակությամբ ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ 

Ռազմական տեսանկյունից որքանո՞վ է ապահով, որ ատոմակայան գործի մեր երկրում։

Մեր ատոմակայանի անվտանգությունը երաշխավորված է մանավանդ օդային հարվածների տեսանկյունից՝ տարածաշրջանում ունիկալ հակաօդային պաշտպանության համակարգերի առկայության շնորհիվ։ 

Հակառակորդի կողմից ատոմակայանը թիրախավորելը վտանգ կսպառնա նաև իրենց երկրներին, և դա կարող է լինել միայն այն դպեքում, եթե մենք գործ ունենք լիակատար խելագարի հետ։ Ճիշտ է մենք ունենք շատ բարդ հարևաններ, բայց նրանք չեն հասել լիակատար խելագարության շեմին։ 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվից հնչեցին անհավասարակշիռ սպառնալիքներ՝ ուղղված ատոմակայանին, անգամ Ադրբեջանի ՊՆ խոսնակի շուրթերից, բայց իհարկե ոչ մի կոնկրետ գործողություն չիրականացվեց։
 
Նարա Մարտիրոսյան