Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ցավոք, Ադրբեջանում դեռ ունենք պահվող անձինք, գերիների, պատանդների հարցը չի կարգավորվել»․ Փաշինյանը՝ Պուտինին

«Մենք իհարկե մշտակապ կապի մեջ ենք լինում և արդեն պայմանավորվել ենք, որ այսօր կլինի բավականին հագեցած օրակարգ, այդ թվում՝ կլինեն ռազմավարական բնույթի հարցեր»,- այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հավելեց, որ առաջին հերթին ցանկանում է նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն։ 

«Եվ այս համատեքստում ես հույս ունեմ ձեզ հետ քննարկել մեր տարածաշրջանում անվտանգության համակարգերի կառուցման վերաբերյալ Ձեր դիրքորոշումը։ Եվս մեկ անգամ ուզում եմ մատնանշել Ձեր անձնական ներդրումը մեր տարածաշրջանի կայունացման հարցում, հատկապես պատերազմից հետո, հատկապես մեր համատեղ հայտարարության ստորագրումից հետո»,-նշեց Փաշինյանը՝ շարունակելով․ «Եվ այս կոնտեքստում ուզում եմ նշել մի շատ կարևոր հարց, որը մինչև այսօր կարգավորված չէ, դա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցն է։ Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք՝ համաձայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ բոլոր պատանդները, ռազմագերիներն ու մյուս կալանավորվածները պետք է վերադարձվեն հայրենիք: Բայց, ցավոք, մենք Ադրբեջանում դեռ ունենք պահվող անձինք»։