Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց. Մհեր Գրիգորյան

Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց. Մհեր Գրիգորյան
Հայաստան
18:59, 30 май 2023
Մոսկվայում՝ փոխվարչապետերի հանդիպմանը Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց, եթե կասկածի տակ առնվի Հայաստանի ինքնիշխանությունը ճանապարհի նկատմամբ, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտարարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տարածաշրջանային ապաշրջափակման հարցով Երևանի բանակցողը հենց նա է։

«Մենք անվերջ հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, չի քննարկվելու նման հարց: Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվեր եռակողմ հանդիպում և նորից այդ հարցը կբարձրացվեր, որովհետև առնվազն դա անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց», - ընդգծեց Գրիգորյանը:

Ալիևի հայտարարություններն ու վարչապետ Փաշինյանի մոսկովյան հակադարձումները արդյոք նշանակո՞ւմ են, որ Ադրբեջանը շարունակում է պահանջել «Զանգեզուրի միջանցք», ճշտող հարցին փոխվարչապետն արձագանքեց՝ նման քննարկումը բացառված է։ Անցած շաբաթ Մոսկվայում «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը բուռն բանավեճի առիթ տվեց: Վարչապետ Փաշինյանը դա որակեց որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

«Միջանցք, շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է, բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցք, ես կարծում եմ, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից, և մենք մշտապես այդ երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է: Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու նման հարց», - ասաց Մհեր Գրիգորյանը:

Այնուհանդերձ, փոխվարչապետի խոսքից պարզ է դառնում, որ ապաշրջափակման բանակցություններում չկա կոնսենսուս, որ ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի իրավազորության ներքո. - «Եթե մենք ֆիզիկապես ենթակառուցվածքների վերականգնման մասին ենք խոսում, շատ նախնական, տևողությունը կարող լինել մոտ 2-3 տարի, այսինքն վերականգնումը: Ո՞նց կընթանան բանակցությունները և ի՞նչ ժամկետներում կհաջողվի կոնսենսուս ունենալ, որպեսզի վերջնականապես ամրագրենք, որ խոսքը վերաբերում է ենթակառուցվածքներին, որոնք լինելու են Հայաստանի իրավազորության ներքո և լինելու են ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածքներ, այդ պահից սկսած, կարծում եմ, մնացյալ բոլոր քննարկումները տեխնիկական բնույթի են»:

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ անցած շաբաթվա հանդիպմանը հայտարարվեց, որ Մոսկվայում կհանդիպեն փոխվարչապետերը՝ քննարկելու տրանսպորտային ապաշրջափակումը։ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, որ այս պահի դրությամբ ծրագրում է գնալ նիստին, բայց կոնկրետ օր չնշեց, ասաց՝ հանդիպումն այս շաբաթ է նախատեսվում: